07.09.2020 06:27

Մինսկում անհայտ անձինք առևանգել են Մարիա Կոլեսնիկովային

Մինսկում անհայտ անձինք առևանգել են Մարիա Կոլեսնիկովային

Բելառուսի Համակարգող խորհրդի անդամ և Վիկտոր Բաբարիկոյի շտաբի առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային անհայտ անձինք նստեցրել են «Կապ» մակագրությամբ միկրոավտոբուսը և տարել անհայտ ուղղությամբ։

Դա տեղի է ունեցել Մինսկում, Գեղարվեստի ազգային թանգարանի մոտ, առավոտյան ժամը 10։05, գրել է Tut.by պարբերականը՝ հղում անելով ականատեսներից մեկին։

«Ես առաջ էի անցել ու լսեցի ասֆալտին ընկնող հեռախոսի ձայնը, ինչ-որ ոտնաձայներ, շրջվեցի ու տեսա, որ քաղաքացիական հագուստով, դիմակավոր մարդիկ Մարիային հրում են այդ միկրոավտոբուսը, նրա ցած ընկած հեռախոսը այդ մարդկանցից մեկը վերցրեց, ինքն էլ նստեց այդ միկրոավտոբուսը, ու գնացին»,- պատմել է ականատեսը։ Նա նշել է, որ վախեցել է այդ ամենը տեսանկարահանել իր հեռախոսով, քանի որ շատ մոտ է եղել այդ անհայտ դիմակավորվածներին ու վախեցել է, որ իրեն էլ կտանեն։

Կոլեսնիկովայի հեռախոսը հասանելի է, բայց նա զանգերին չի պատասխանում, նշել է Tut.by-ն։

Սեպտեմբերի 7-ին առավոտից կապը կորել է նաև Համակարգող խորհրդի մամուլի խոսնակ Անտոն Ռոդնենկովի և գործադիր քարտուղար Իվան Կրավցովի հետ։

Մարիա Կոլեսնիկովան Սվետլանա Տիխանովսկայայի միավորված նախընտրական շտաբի երեք առաջնորդներից մեկն է։ Մյուս երկու առաջնորդները՝ Տիխանովսկայան ինքը և Վերոնիկա Ցեպկալոն, օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո ստիպված են եղել հեռանալ Բելառուսից։

Փոխանցում է BBC-ն։