07.09.2020 16:46

Մարտի 1-ի դատավարության ընթացքի պատասխանատուն իշխանությունն է

Մարտի 1-ի դատավարության ընթացքի պատասխանատուն իշխանությունն է

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները այսօր ցավալի, բայց սպասելի հայտարարություն են արել: Նրանք նշել են, որ մարտի մեկի գործով նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է, դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, ուստի իրենք դադարեցնում են իրենց «ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»:

Իրավահաջորդների վարքը շատ տրամաբանական ու հասկանալի է, նույնիսկ, կարելի է ասել` սպասված, եթե հիշենք, թե ինչեր են տեղի ունեցել նախորդ 2 տարիների ընթացքում: Շատ բնական է, որ այդ մարդկանց համբերության բաժակը լցվել է: Եւ դրա համար անմիջական պատասխանատվությունը քաղաքական իշխանությանն է` իր փաստացի անգործությամբ:

Տեսեք, այդ մարդիկ, մարտի մեկի դեպքերից հետո ուղիղ 10 տարի անխոնջ պայքարել են մարտի մեկի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Այո, այն ժամանակ փաստացի տեղի էր ունենում ոչ թե բացահայտում, այլ` բացահայտման անվան տակ արհեստական ձգձգում: Բայց այդ մարդիկ, մեկ է` պայքարում էին, որովհետեւ թեեւ, մի կողմից, հույս չունեին, որ տեղի ունեցածի համար պատասխանատու եւ տեղի ունեցածի գնով իշխանության եկածները գործը տեղից շարժելու են, բայց, մյուս կողմից՝ հույս ունեին, որ կգա մի օր, երբ իշխանությունը կփոխվի, եւ ամեն ինչ կբացահայտվի:

2018-ի հեղափոխությունից հետո այդ հույսը, բնականաբար, կարծես դարձավ իրականություն, հատկապես՝ երբ մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ առաջադրվեցին, եւ տպավորություն էր, որ իշխանությունը նախանձախնդրությամբ հետամուտ է գործի բացահայտմանը: Բայց որոշ ժամանակ անց սկսեցինք ականատես լինել այլ իրողությունների: Դրանք էլ էին սպասելի, բայց սպասելի էր նաեւ, որ մեղադրյալների կողմից այդ «բնական» ինքնապաշտպանությամբ դրդված նախահարձակ ցանկացած հակաօրինական գործողություն պետք է կասեցվի:

Մեղադրյալների փաստաբանները հարյուրավոր միջնորդություններով բացահայտ որդեգրեցին բուն դատավարության մեկնարկը ձգձելու քաղաքականություն: Դրան զուգահեռ՝ մեղադրյալները շեշտակի ակտիվացան քարոզչական դաշտում, ստեղծեցին «աջակիցների» ագրեսիվ եւ բարոյական ոչ մի սահման չճանաչող մի խմբակ, եւ վերջիններիս ոչ միայն հոգեբանական, քարոզչական, այլեւ` ֆիզիկական հարձակման թիրախ դարձրին մեղադրողներին, դատավորներին եւ տուժածներին ու նրանց հարազատներին:

Սկսվեց մարտի մեկի դեպքերից տուժածներին եւ զոհերի իրավահաջորդներին գռեհիկ, ցինիկ եղանակով վարկաբեկելու, ծաղրի ենթարկելու մի գործընթաց:

Իսկ մեծ հաշվով՝ մարտի մեկի գործով դատաքննության վրա ուղղակի եւ անուղղակի ներազդեցության պրոցես:

Իշխանությունն ասում էր` մենք (ի տարբերություն նախկինների) դատարանների վրա չենք ներազդելու, ինչի իրավունքը գործադիր եւ օրենսդիր իշխանությունը չունի: Շատ լավ: Բայց իշխանությունը ոչ միայն իրավունք չուներ դատարանների եւ դատական գործընթացների վրա ներազդելու, այլեւ իշխանության ուղիղ պարտականությունն էր ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, որ դա անեն ուրիշները: Բայց դա, փաստացի, տեղի չունեցավ, անհասկանալի վայրերից եւ պայմաններով դատարանների մոտ հավաքված փոքրաթիվ խուժանը դատարանի մոտ ծաղրական վանկարկումներով ուղեկցում էր զոհերի հարազատներին, քարոզչական դաշտում բացահայտ կեղծվում էին փաստերը, դատավորները «հանկարծակի տարօրինակ» որոշումներ էին կայացնում, վկաների վրա ներազդման փորձ բացահայտելու մասին էին խոսում իրավապահները, բայց ներազդողները բարեհաջող հայտնվում էին ազատության մեջ, իսկ հանրությանն այդպես էլ հասանելի չէր դառնում, թե ինչ լուրջ ապացույցներ են ձեռք բերել իրավապահները, եւ հանրությանը միակողմանի մատուցվում էր, թե իբր «անմեղ մարդկանց առանց ապացույցների» փորձում են բանտարկել:

Երբ 2018-ին մարտի մեկի գործի բացահայտումը նոր թափ ստացավ, մարդիկ վստահ էին, որ շատ շատերը, ովքեր տարատեսակ ինֆորմացիաների են տիրապետում, շատ վկաներ վերջապես առանց վախենալու կգան, ցուցմունքներ կտան, փաստեր կներկայացնեն: Բայց երբ ժամանակի ընթացքում ականատես էինք լինում, թե ինչպես են մեղադրյալները իրենց պահում բացահայտ լկտի, եւ դա չի կասեցվում, երբ մեղադրյալի աջակիցները փաստացի հարձակման փորձ են կատարում գործը քննող դատավորի հանդեպ եւ կալանավորվելուց կարճ ժամանակ անց հայտնվում ազատության մեջ, այսինքն, իշխանությունը չի ապահովում գործում արդեն ներգրավված անձանց պաշտպանությունը` մեղադրյալների լկտի ոտնձգությունից, պարզ էր դառնում նաեւ, որ շատ շատերը, այդ ամենը տեսնելով` կմտափոխվեն, եւ երկար տարիներ լռելուց հետո չեն գա եւ ցուցմունքներ չեն տա: Ինչո՞ւ դա պետք է անեն, եթե տեսնում են, որ բացահայտ հարձակման տակ են անգամ զոհերի հարազատները:

Եւ ուրեմն, իշխանությունը շատ լուրջ մտորելու բան ունի, եւ եթե շարունակվի այս նույն մոտեցումը, նույն պատկերացումներով առաջնորդվելը, ապա այս գործը, ամենայն հավանականությամբ, դատապարտված է ձախողման:  

 

iLur.am