08.09.2020 08:04

Ջամալ Հաշոգիին սպանողների մահվան դատավճիռը փոխել են

Ջամալ Հաշոգիին սպանողների մահվան դատավճիռը փոխել են

Սաուդյան Արաբիայում դատարանը լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար մեղավոր ճանաչված անձանց մահապատժի դատավճիռը փոխարինել է երկարատև ազատազրկմամբ։

Դատախազության խոսքով՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ լրագրողի ընտանիքը, իբր, որոշել է ներել նրանց։

Ընդհանուր առմամբ՝ Հաշոգիի սպանության գործով անցյալ տարվա դեկտեմբերին մահապատժի դատավճիռ էր կայացվել 8 հոգու նկատմամբ, ևս երեքը դատապարտվել էին 20 և ավելի տարիների ազատազրկման։

Հաշոգիի հարսնացուն՝ Խատիջե Ջենգիզը, դատավարությունն անվանել էր կատարյալ ծաղր արդարադատության հանդեպ։ Քննադատները նշում են, որ դատարանում հարց անգամ չի դրվել լրագրողի դաժան սպանության պատվիրատուների վերաբերյալ։

Հաշոգին Սաուդյան Արաբիայից հեռացել էր 2017 թ․ սեպտեմբերին, երբ ձերբակալվել էին նրա մի քանի մտերիմ ընկերները, և սկել էր աշխատել Washington Post ամերիկայն պարբերականում։ Նա ակտիվորեն քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, և ամենաշատը՝ թագաժառանգ Մոհամեդին, որին շատերը համարում են երկրի փաստացի ղեկավարը՝ նրա տարեց հոր՝ Սալման արքայի օրոք։

2018 թ․ հոկտեմբերին Հաշոգին Թուրքիայում գնացել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ ինչ-որ փաստաթղթեր ձևակերպելու, և այդպես էլ դուրս չէր եկել հյուպատոսարանի շենքից։

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են սաուդյան դատարանի որոշումը դատապարտյալների պատիժը մեղմացնելու վերաբերյալ։ Նրանք հայտարարել են, որ Էր-Ռիադը չի արդարացրել արդարացի դատավարության՝ միջազգային հանրության հույսերը։

Փոխանցում է BBC-ն։