08.09.2020 16:24

Ձմեռ՝ առանց լոքդաունի․ Եվրոպան որոշել է չփակվել վիրուսի առաջ

Ձմեռ՝ առանց լոքդաունի․ Եվրոպան որոշել է չփակվել վիրուսի առաջ

Եվրոպան պատրաստվում է առաջին կորոնավիրուսային ձմռանը և համավարակի երկրորդ ալիքին, սակայն վճռականորեն տրամադրված է խուսափել նոր լոքդաունից, ինչպիսին էր անցած գարնանը աշխարհամասում կյանքը կաթվածահարած լոքդաունը։ Համընդհանուր կարանտինը չափազանց թանկ նստեց հասարակության և տնտեսության վրա, դրա համար էլ քաղաքական գործիչները փաստարկներ են փնտրում  վիրուսի հետ միասին ապրելու, այլ ոչ թե նրանից լիակատար մեկուսանալու օգտին։

Նոր լոքդաունի դեմ են արդեն արտահայտվել մայրցամաքի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Մենք մեզ չենք կարող թույլ տալ դադարեցնել կյանքը երկրում, քանի որ լոքդաունը լիքը կողմանակի ազդեցություններ ունի,- Paris Match ամսագրին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ Մերկելի հետ իր նստավայրում հանդիպումից առաջ։- Այդպես չի լինում, որ հասարակության մեջ ռիսկերը զրոյական լինեն»։

Մերկելն, իր հերթին, ասել է, որ ԵՄ-ում ոչ ոք չի ուզում գարնանային մղձավանջի կրկնությունը, երբ մոլորակի խոշորագույն քաղաքական և առևտրային միության 450 մլն բնակիչները հայտնվեցին իրարից բաժանված ու մեկուսացված վիճակում։

«Որպես քաղաքական գործիչներ՝ մենք ցանկացած գնով աշխատում ենք խուսափել սահմանները նորից փակելուց։ Բայց դրա համար մենք պետք է միահամուռ գործենք»,- ասել է Մերկելը։

Փոխանցում է BBC-ն։