08.09.2020 16:28

Լիզա Ճաղարյան. Հեղափոխություն, «անցիր կողքովս, դու հարատեւ չես»

Լիզա Ճաղարյան. Հեղափոխություն, «անցիր կողքովս, դու հարատեւ չես»

Շատ հեռու չգնամ։

Հիշո՞ւմ եք, որ ՀՀ ՊՆ շտաբի պետն անհապաղ հրաժարական տվեց` արտակարգ դրության պայմաններում իր զավակի պսակադրության արարողության համար։ Մենք այդպես էլ չտեսանք` քանի մարդ էր հավաքվել, ի՛նչ հեռավորության վրա էին նստած հյուրերը, դիմակով էին, թե առանց դիմակի։

Բայց տեսանք մի «աննախադեպ» վայնասուն ռոբամիշիկական լրատվամիջոցներում, եւ բանն ավարտվեց հրաժարականով։

Դժվար թե մոռացած լինեք։

Իսկ հիշո՞ւմ եք, որ իմքայլական պատգամավորը Սեւանի ափին ինչ–որ միջոցառման էր մասնակցում։ Ըստ այս նույն լրատվամիջոցների վայնասունի` իրեն պատկանող «օբեկտում»։

Ի՞նչ կատարվեց դրանից հետո։ Մեկ օր անց գետնին հավասարվեց «օբեկտը»։ Ասում են` ապօրինի շինություն էր։ Հավատում եմ։ Բայց մի բան էլ հաստատ գիտեմ. Սեւանի ափի շինությունների ու դղյակների առնվազն կեսը ապօրինի է, իսկ անհապաղ եւ նախանձելի արագությամբ գետնին հավասարեցվեց միայն իմքայլականի անվան հետ առնչվող շինությունը։

Այսպիսի եւ սրանց նման օրինակները բազմաթիվ են։ Նախկին ավազակախմբի հանցագործները կա՛մ Ռուսաստանում Հայաստանից թալանածն են վայելում, կա՛մ այս նույն Հայաստանում ազատ ու անպատիժ շրջում են, դեռ մի բան էլ` իրե՛նք են դատի տալիս ներկա իշխանություններին եւ աջուձախ դատերը շահում։

Գուցե էլի կան, բայց երկուսի մասին հիշեցնեմ։ Այս երկուսը` նախարար Վերմիշյանը եւ փոխնախարար Լոռեցյանը տասը կողպեքի տակ պինդ–պինդ փակված են բանտախցերում, եւ այս մարդկանց մասին ձեն–ձուն չկա։ Ռոբասերժական ԶԼՄ–ներին այս մարդիկ չեն հետաքրքրում, որովհետեւ այս «նորելուկները» հաստատ չէին հասցրել նույնիսկ կաշառքը վերցնել, ինչ մնաց` ռոբաՀՀԿական միլիոնատերերի հետ ոտ մեկնեին ու ԶԼՄ–ներ կամ թեկուզ առանձին վերցրած լրագրող գնեին` իրենց գոյության մասին երբեմն–երբեմն հիշեցնելու խնդրանքով։ Լուռումունջ նստած են, սպասում են, թե երբ կհիշեն իրենց` Ռուստամ Բադասյանի «մշակած» արդարադատության պայմաններում։

Հիշող չկա։ Չնայած` նույնիսկ իրավագիտությունից ինձ նման հեռու մարդն է հասկանում, որ այս քրգործերը երկարուձիգ ուսումնասիրությունների կարիք չունեն։

Ահա՛ այս «արդարադատ» եւ ոգեւորիչ մթնոլորտում Հայաստանի գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հիշեց իր եւ իր նմանակի «բազեական» անցյալը եւ Սեւանա լճի «բարձր հովանու ներքո» գլխին հավաքեց մի քանի տասնյակ ջահել–ջուհուլների, բոլորն` առանց դիմակների, ըստ տարածված լուսանկարների` գիրկընդխառն նստոտած։ Եվ ի՞նչ...

Երեւի հիմա մտածեցիք, որ բոլորիս շատ սիրելի Պարետատունը, նրա անխոնջ ղեկավարը ու նման իրավիճակների նկատմամբ հույժ զգոն վարչապետն անմիջապես հրովարտակ հղեցին, որ համապատասխան մարմինները «շա՛տ ռիսկային խմբում գտնվող» Ռ. Քոչարյանին ու նրա «բազեիկներին» պատասխանատվությա՞ն ենթարկեն ըստ օրենքի եւ հողի՞ն հավասարեցնեն այն տարածքը, որտեղ «տժժում էր» ծանԴր հիվանդ ամբաստանյալը։ Ինքը` գլուխը քարը, բայց հո տեսա՞ն արտակարգ դրության պատասխանատուները, որ այնտեղ վտանգի էր ենթարկվում մի խումբ երիտասարդների առողջությունը, դրանց սպասարկողների առողջությունը` նույնպես, իսկ հետագայում նաեւ այլեւայլ ՀՀ քաղաքացիների առողջությունը, որոնք ինչ–որ առիթներով անպայման շփվելու էին ամբաստանյալի եւ նրա «աջարակիցների» հետ։

Ո՛չ։ Հարթ ու խաղաղ անցավ նաեւ այս պատմությունը։ Ռոբամիշիկական կայքերից, բնականաբար, վայնասուն, ողբուկական չլսվեց, հակառակը` հպարտությամբ գովազդեցին, թե ինչպես է զվարճանում իրենց ստնտուներից մեկը։

Եվ ինչո՞ւ այսքան երկար գրեցի։

Ընդամենը մեկ պատճառով, որ ընդհանրացնեմ տեսածս ու լսածս մի զարմանահրաշ հետեւությամբ։

Ի՛ր մեղքով թե ի՛ր իսկ ցանկությամբ, բայց օրեցօր ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ներկա իշխանությունը ուժ եւ կարողություն չունի պատժելու նախկին իշխանություն–ավազակախմբի հանցագործներին, եւ դատելով, թե ե՛րբ եւ ո՛ր ուժերի դեմ են ժամանակ առ ժամանակ հրապարակավ «մուննաթ գալիս» իմքայլականները` անտեսելով ու չնկատելու տալով նախկինների ժամ առ ժամ աճող լկտիություններն ու դատաիրավական համակարգի ամբարտավան բեսպրեդելը, կարելի է միայն մեկ հետեւություն անել` սեփական անկարողությունը թաքցնելու համար ուղղակիորեն «մուռ են հանում» նրանցից, ումից ակնհայտ վտանգ չեն տեսնում։

Որեւէ կերպ պետք է ինքնահաստատվեն, չէ՞։

Եվ ընտրել են ահա՛ այս ճանապարհը։

Բանտախցերում պինդ–պինդ փակում են կաշառակերության անհաջող փորձ արածներին, իսկ տարիներով երկիրը թալանած ու կեղեքած անկուշտ, «բերանն արնոտ» գայլերն ազատ ապրում են ու ամեն օր ծաղրում, հայհոյում, սպառնում այս նույն իշխանություններին։ Հակադարձում չկա. չեք լսել ու ոնց որ թե` չեք էլ լսի։

Իսկ ահա իրենց կենսագրությամբ քանիցս ապացուցածներին, որ իրենց մտահոգողը երկրի ճակատագիրն է, «անաչառ» իշխանությունը հակադարձելու ու խայթելու «քաջություն» եւ ժամանակ մի՛շտ գտնում է։

Այստեղ տեղին է ասել` մենք ոչինչ չունենք կորցնելու, բացի մեր շղթաներից։

Իսկ ի՞նչ է շահում «հեղափոխական» իշխանությունն իր այս «տարօրինակ» ու տրամաբանությունից զուրկ պահվածքով։

Չգիտեմ։

Ամեն դեպքում` դիմակ հագեք։