09.09.2020 15:17

Փնտրվում է քաղաքական կարեւորության ընկալում

Փնտրվում է քաղաքական կարեւորության ընկալում

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդերի եւ նրանց պաշտպանների հայտարարություններից հետո իշխանական տարբեր ներկայացուցիչների արձագանքը տխուր տպավորություն է թողնում: Տպավորություն է, որ թեեւ 2018-ի հեղափոխությունից հետո այդ գործի նկատմամբ իշխանությունները բավականին նախանձախնդիր էին տրամադրված՝ գործը լիարժեք բացահայտելու հարցում, այդուհանդերձ, իշխանության կողմից պակասում է այդ գործի ամբողջական եւ արագ բացահայտման ոչ միայն իրավական, այլ որ ավելի էական է` քաղաքական կարեւորության ընկալումը:

Տպավորություն է, թե իշխանությունները այլ` «ավելի կարեւոր» գործեր են անում եւ չեն տեսնում գործի առանցքային նշանակությունը քաղաքական դաշտի, իրադարձությունների ու նաեւ ապագա զարգացումների խճանկարում:

Այսինքն, կա մի առանձին իրավական դաշտում գտնվող գործ, եւ կա քաղաքական առանձին դաշտ, քաղաքականություն, առանձին զարգացումներ եւ խմորումներ:

Իրականությունը, սակայն, այն է, որ այդ գործը իրավական լինելուց զատ եւ առաջ՝ ոչ միայն քաղաքական է, այլեւ հենց այսօր էլ քաղաքական ազդեցություն է ունենում երկրում տեղի ունեցող ցանակացած իրադարձության վրա, փոխկապակցված է ցանկացած զարգացման հետ, եթե չասենք` որ այդ իրադարձությունների եւ զարգացումներից շատերի հիմնաքարն ու հիմնապատճառն է:

Եւ հենց դա չտեսնելու պատճառով է, որ իշխանությունները հաճախ ստիպված են լինում քաղաքական դաշտում «կռիվ տալ» մի քանի ճակատով, այսպես ասած` հետեւանքների դեմ, որոնցից յուրաքանչյուրը «չեզոքացնելուց» հետո տեղում վեր են խոյանում նման տասնյակ այլ հետեւանքներ:

Երբ հեղափոխությունից հետո նոր թափ տրվեց մարտիմեկյան սպանդի բացահայտմանը, իշխանությունները պիտի որ հասկանային, որ իրենց դեմ կանգնած են մարդիկ (մեղադրյալները եւ նրանց շրջապատը), որոնք բացի այն, որ զգալի ֆինանսական, տնտեսական եւ քարոզչական ռեսուրսներ ունեն, նաեւ հոգեբանությամբ այնպիսին են, որ, կանգնած լինելով ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ, չեն խորշելու «ինքնապաշտպնվելու» ոչ մի մեթոդից, եւ որ այդ «պաշտպանվելու կռիվը» ամեն գնով տեղափոխելու էին քաղաքական դաշտ:

Դատարանում մեղադրյալների եւ նրանց պաշտպանների որդեգրած մարտավարությունն էլ էր այդ մասին ոչ թե հուշում, այլ` աղաղակում: Այն է. ստեղծել «կռվի» երկու ճակատ` տեսանելի եւ կուլիսային, տեսանելին իրավականն էր, կուլիսայինը` քաղաքականը: Տեսանելի առաջնային պլանի ճակատում խնդիրը մեկն էր` ժամանակ ձգել եւ ուշադրությունը շեղել կուլիսային ճակատից: Իսկ ժամանակ ձգելու մարտավարության նպատակն այն էր, որ բոլոր մեթոդները գործի պիտի դրվեին, որի ընթացքում դատավարությունը պիտի ոչ մի կերպ չմոտենար բուն իր բովանդակությանը, մինչեւ որ կուլիսային ճակատի «մարտիկները» քաղաքական հարցեր լուծեին, կուլիսային զարգացումներ գեներացնեին` երկրում քաղաքական վերադասավորումների հասնելու համար: Իսկ եթե դա նրանց հաջողվի, արդեն «բարեհաջող կերպով» կարելի կլինի «ջրել» գործը, որն, ըստ էության, տեղից չէր էլ շարժվել: Կուլիսներում տեղի ունեցող զարգացումները կարծես թե որեւէ մեկի համար գաղտնիք չպիտի լինեն` տոտալ քարոզչական գրոհ, քաղաքական դաշտի ցաքուցրիվ եղած ֆիգուրների համախմբման փորձ, ֆինանսական մեծ ներարկումներ՝ ցանկացած հարցում, ցանկացած ոլորտում անգամ փոքր տատանում ապահովելու համար, ուղղակի կամ անուղղակի ներազդեցություն դատական ընթացքի վրա` վկաներ, իրավական-դատական համակարգ: Խաղի կանոնների հանդեպ վերաբերմունքի փոփոխության ուղղակի եւ անուղղակի տպավորություն պիտի լիներ, պիտի լիներ տպավորոթյուն, որ խաղի կանոններն այլեւս մեղադրյալներ են թելադրում:

Եւ բնական է, որ նման երկարատեւ գործընթացների ականատես դատավորները ինչ-որ պահից պիտի խուսափեին ըստ էության մտնել այս գործի մեջ, քանի դեռ երաշխիք չունեն, որ՝ ա` պաշտպանված են իրենք, եւ բ` նոր կանոնները թելադրում են իշխանությունները: Մեղադրյալների հետ դեմ առ դեմ մնացած ոչ մի դատավոր չի կարողանալու եւ չի ցանկանալու միայնակ կռիվ տալ հանուն արդարության եւ արդարադատության, մինչեւ որ վստահ չլինի, որ մեղադրյալների կողմից ցանկացած ապօրինության դիմելու միտք ունենալու պարագայում անգամ նրանց գլխին կախվելու է արդարադատության օրինական սուրը:  

Ասել է թե՝ մեղադրյալների համար այս հարցը կյանքի ու մահվան խնդիր է, որտեղ «ջրից չոր դուրս գալու» համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Այդ գործի համար նրանք իրենց ռեսուրսները եւ ազդեցությունը գործադրել եւ գործադրելու են բոլոր ոլորտներում, անգամ առաջին հայացքից գործի հետ որեւէ աղերս չունեցող ոլորտներում (ոչ միայն իրավական ու քաղաքական ոլորտներում, այլեւ անգամ տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության ու սպորտի) իշխանության դիրքերը սասանելու եւ զարգացումներ թույլ չտալու  համար;

Զարմանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները սա չեն տեսնում, կամ եթե տեսնում են, այդ դեպքում ինչո՞ւ են այսկերպ` «չեզոք դիտորդի» դիրք ընդունել:  

 

iLur.am