10.09.2020 14:52

Լիզա Ճաղարյան. Մարտնչող տգիտուԹՈՒԹՈՒՆը թափ է հավաքում

Լիզա Ճաղարյան. Մարտնչող տգիտուԹՈՒԹՈՒՆը թափ է հավաքում

Երեկվանից ֆեյսբուքյան հանրությունը ձեռից ձեռ է խլում քոչարյանական «պատմական» գրառումը` հախթանակած երիտասառթութուն։

Զարմացող չկա, զվարճանում են։ Զարմացող չկա, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ գլխավոր ամբաստանյալը հայոց լեզվին տիրապետում է երրորդ դասարանի միջակ գնահատականներով գլուխը յոլա տանող աշակերտի մակարդակով։

Սակայն, զարմանքի հիմք կա, եւ ամենեւին էլ այդ հիմքն այն չէ, որ տասը տարի Հայաստանի նախագահի աթոռն զբաղեցրած մարդը հայերեն երկու բառի մեջ 4–5 ուղղագրական կոպիտ սխալ է անում։

Զարմանալին այս մարդու անսպասելի ինքնավստահությունն է, որ ինքն արդեն կարող է ահա՛ գրիչը վերցնել եւ առանց հուշարարի հայերեն տեքստ գրել ու չխայտառակվել։

Մտածել, թե ամբաստանյալ Քոչարյանը թքած ունի` ճիշտ, թե սխալ է գրում հայերեն, տրամաբանական եզրակացություն չի։ Եթե թքած ունենար, կգրեր իր «մայրենի» ռուսերենով, եւ հուսանք` անսխալ կգրեր։

Չէ, ազգի «փռկչին» դաժան թյուրիմացության մեջ են գցել իր «աջարակիցները». այս խմբակի մեծամասնությունը, ինչն ամեն օր տեսնում ենք ֆեյսբուքյան գրառումներում, կա՛մ հայերենին չի տիրապետում եւ գրում է ռուսերեն, կա՛մ եթե ինչ–որ բանի տիրապետում է` լատինատառ «հայերենն» է։

Եվ ներկա իշխանությունների ինտելեկտը հեգնող, իր կյանքի առաջին կեսին հպարտությամբ «ես գիրք կարդալ չեմ սիրում» հայտարարող, կյանքի երկրորդ կեսին ճարահատյալ մի քանի գիրք կարդացած եւ ինքն իր վրա զարմացած «ինտելեկտուալ» Քոչարյանը կարող էր մարտնչող տգետների իր գունագեղ միջավայրում կորցնել իրականության զգացումը եւ ահա այսպիսի զավեշտալի վիճակում հայտնվել։

Սա էլ` ոչինչ։ Ի վերջո, կույր չենք` տեսնում ենք, որ Հայաստանում կրթության մակարդակն այսօր այնքան տխուր ու գորշ է, որ նույնիսկ հայկական դպրոց ու բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած շատերը չեն փայլում հայերենի իմացությամբ, եւ սա ուղղակիորեն ազգային ողբերգություն է։ Իրավիճակի ողբերգականությունն ավելի է սրվում, երբ տեսնում ենք` որքան տգետ է տվյալ «հայրենասերը», այնքան ավելի բարձր է ճղավում ազգային արժեքների մասին։ Դե, թող որ դրանցից մեկն էլ ամբաստանյալ Քոչարյանը լինի։

Սրա՛ն էլ կդիմանանք. շատ բան տեսած սերունդ ենք։

Դժվար, գրեթե անմարսելի այլ իրողություն կա. այս մարդը պետք է բանտախցում լիներ, ոչ թե այնպիսի արտոնյալ վիճակում, որ ամբարտավանության բոլոր սահմանները հատելով` Հայաստանի «երիտասառթութանը» հայրենասիրության դասեր տար։

Բայց նույնիսկ սա՛ կարելի է մի կերպ մարսել։

Որքան ինքնավստահ ու ամբարտավան է դառնում ամբաստանյալը` իր «աջարակիցների» հետ միասին, նույնքան եւ ավելի ինքնագոհ ու պոռոտախոս են դառնում ներկա Հայաստանի արդարադատության պատասխանատուները։

Ա՛յ, սա մարսելն այլեւս անհնար է դարձել։

Դիմակը չմոռանաք։