10.09.2020 15:42

«Ցասում»․ Զրույցներ Թրամփի հետ

«Ցասում»․ Զրույցներ Թրամփի հետ

Ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները հատվածներ են հրապարակում հետաքննող լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» գրքից, որի հիմքում լրագրողի զրույցներն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Գիրքը նախապատրաստելու ընթացքում Վուդվորդը 18 անգամ զրուցել է Թրամփի հետ։ Նրանք ամենատարբեր թեմաներից են խոսել՝ կորոնավիրուսից մինչև փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ։

Մեկնաբաններին ամենից շատ ապշեցրել է Թրամփի խոստովանությունը, որ ինքը գիտակցաբար աշխատել է նվազեցնել կորոնավիրուսի վտանգը հանրության աչքում։

«Ես միշտ ուզում էի նվազեցնել այդ սպառնալիքը, ու հիմա էլ եմ ուզում, քանի որ ես չեմ սիրում խուճապ տարածել»,- լրագրողի հետ զրույցում ասել է նա։

Թրամփը Վուդվորդին նաև մանրամասներ է պատմել Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին։ «Երբ կնոջ հետ ես հանդիպում, մի վայրկյանում հասկանում ես՝ ինչ-որ բան կլինի՞, թե՞ չէ»,- իր հարաբերությունները ԿԺԴՀ առաջնորդի հետ այսպես է նկարագրել Թրամփը։

«Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց․ «Ցավում եմ, որովհետև գիտեմ, թե ձեզ համար ինչքան դժվար է մեզ հետ պայմանագիր կնքելը»։ Եվ ես պատասխանեցի․ «Դուք իրավացի եք»»,- Պուտինի հետ հանդիպման մասին պատմել է ԱՄՆ նախագահը։

Վուդվորդի մյուս զրուցակիցների թվում է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջիմ Մեթիսը, որն ասել է, որ Թրամփը վտանգավոր է նախագահի պաշտոնում։

Փոխանցում է BBC-ն։