10.09.2020 16:33

«Չորրորդ փուլ»․ Տեղական ընտրությունները՝ փորձություն Վլադիմիր Զելենսկու համար

«Չորրորդ փուլ»․ Տեղական ընտրությունները՝ փորձություն Վլադիմիր Զելենսկու համար

Ուկրաինայում մեկնարկում է ընտրարշավը՝ երրորդը վերջին մեկուկես տարում։ Հոկտեմբերի 25-ին կայանալու են տեղական իշխանությունների ընտրություններ, որոնց արդյունքում ոչ միայն կթարմացվեն քաղաքային և շրջանային խորհուրդները, այլև դրանք կդառնան յուրօրինակ հանրաքվե՝ գործող իշխանության  և նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության հանդեպ  վստահության վերաբերյալ։

Այս ընտրություններն առաջինն են լինելու այն բանից հետո, երբ Ուկրաինայում կայացավ ապակենտրոնացման բարեփոխումների առաջին փուլը, ինչի շրջանակներում Կիևը տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցեց հսկայական թվով լիազորություններ և պաշարներ։

Ուկրաինայում այս ընտրությունները հաճախ անվանում են «նախագահական ընտրությունների չորրորդ փուլ»։ Առաջին երկուսը՝ անցյալ տարվա գարնանը, իսկական հաղթանակ էին երկրում ամենահայտնի կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկու համար, որը հայտնվեց նախագահի աթոռին։ «Երրորդ փուլը» արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքում Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը փառավոր հաղթանակ գրանցեց։

Վերջին սոցհարցումների համաձայն, սակայն, «Ժողովրդի ծառան» պետք է որ անհանգստանա․ նրա վարկանիշը, որ անցած տարվա դեկտեմբերին Ուկրաինայի համար անհավանական՝ 47,8 % էր, այժմ տատանվում է 30 %-ի սահմաններում։

Փոխանցում է BBC-ն։