11.09.2020 18:46

Հանդգնության մեխանիկան

Հանդգնության մեխանիկան

Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ եւ բառացիորեն քշել ավելի քան 20 տարի իշխանությունը բռնազավթածներին, որոնք հայտնի էին ոչ միայն թալանով, կոռուպցիայով, այլեւ իրենց ամենաթողությամբ, երբ իրականում խորապես թքած ունեին ՀՀ քաղաքացիների, նրանց կարծիքի վրա եւ իրենց պահում էին ամենայն լկտիությամբ, կարճ ասած` անում էին այն, ինչ ցանկանում էին, քաղաքական վարքում բացարձակ «բեսպրեդել էր»:

Ապա Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքները ոչ մի քաղաքական ուժ չի բողոքարկել:

Այսինքն, Հայաստանում ամբողջ իշխանական վերնախավը փոխվել է, փոխվել են գործադիր եւ օրենսդիր իշխանությունները:

Ի՞նչ պիտի ակնկալեր ցանկացած տրամաբանող քաղաքացի այս իրավիճակում. բնական է՝ որեւէ մեկը չէր ակնկալում, որ կես տարում աշխատավարձերը կեռապատկվեն, կամ տնտեսությունը միանգամից եռանիշ աճ կունենա: Բայց ահա բնական մեկ բան ակնկալվում էր․ բոլորին թվում էր, որ եթե իշխանություններին հեռացրել են, ապա հեռացվածների հետ պիտի որ ի չիք դառնան վերջիններիս հանդգնությունը եւ ամենաթողությունը: Համենայնդեպս, հրապարակային՝ պիտի որ իրենց ամենաթողություն թույլ չտային, չէ՞ որ նրանք այլեւս իշխանություն չեն, երկրում արդեն այլ` լեգիտիմ ընտրված իշխանություն կա, եւ եթե քշվածները հանդգնեն մտածել անգամ «բեսպրեդել» անելու մասին, իրավապահ մարմինները օրինական բոլոր ճանապարհներով բարեհաջող կկասեցնեն ցանկացած փորձ:

Հիմա գանք երկու տարի հետո: 2020 թվականի Հայաստան: Ինչի՞ն ենք ամենաշատը ականատես լինում:

Իշխանությունից հեռացվածերի եւ նրանց հարակից մի փոքր խմբակի նույն հանգուգն պահվածքին, ամենաթողությանը: Այսինքն, այդ մարդիկ թեեւ այլեւս արդեն երկու տարի իշխանություն չեն, բայց շարունակում են անել այն, ինչ մտքներին փչի, առանց օրենքից վախենալու, ավելին, դա անում են առանձնահատուկ լկտիությամբ, ցինիզմով, հրապարակավ, որ բոլորը տեսնեն, եւ անում են դիտավորյալ, որպեսզի ամեն օր մարդկանց մեկ մեսիջ հղեն՝ «մեր դեմ խաղ չկա, ինչպես որ նախկինում` իշխանության եղած ժամանակ ինչ ուզել արել ենք, հիմա էլ շարունակում ենք նույն ոճով, ո՞վ կարող է մեզ բան ասել, իշխանության եղած ժամանակ սպառնացել ու վախեցրել ենք, նույնն էլ անելու ենք եւ անում ենք հիմա»: Այո, որքան էլ զարմանալի է թվում եւ կամ` տրիվիալ հնչի, նրանց նպատակը հենց հանրության շրջանում վախ սերմանելն ու անպատժելի լինելու տպավորություն ստեղծելն է:

Իսկ զուգահեռ աշխարհում իշխանությունները շարունակում են մնալ թավիշի ծիրին մեջ, ոչ մի տեղ չեն շտապում: Միայն թե հեռացված-քշվածներն են շտապում:

 

Արսեն Օհանյան