14.09.2020 12:19

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՍԴ դատավորների հարցով կոչն ուղղված ԱԺ-ին

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՍԴ դատավորների հարցով կոչն ուղղված ԱԺ-ին

Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի քաղհասարակության կառույցների, ստորև հայտարարությամբ կոչ է անում Ազգային ժողովին դեմ քվեարկել Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի թեկնածություններին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Հայտարարությանը միացել է նաև ՀԱՊ անդամ չհանդիսացող Իրավունքի և ազատության կենտրոն կազմակերպությունը` ի դեմս իրավապաշտպան Վարդան Հարությունյանի:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորեւ. 

 

2020թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկելու է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերջին երկու տարիների ընթացքում հետևել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և իր մտահոգությունները հայտնել դրանց կապակցությամբ:

2018թ. հեղափոխությունից երկու տարի անց իշխանությունը վերջապես կամք դրսևորեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար` փոփոխության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Թեև փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020թ․ հունիսի 26-ին, մինչ օրս  ՍԴ երեք դատավորների թափուր տեղերը լրացնելու համար չեն առաջադրվում այնպիսի թեկնածուներ, որոնք իրենց մասնագիտական փորձառությամբ, մասնագիտական և բարոյական բարձր որակներով  ի զորու կլինեն վերականգնելու Դատարանի ժողովրդավարական լեգիտիմությունը, բարձրացնելու Դատարանի հեղինակությունը և պայքարելու ՍԴ և պետության առջև ծառացած խնդիրների լուծման համար։

Կարևոր ենք համարում արձանագրել, որ Կառավարության կողմից թեկնածուների առաջադրման գործընթացն եղել է ստվերային, չի համապատասխանել հավասարության, արդարության և թափանցիկության պահանջներին։ Այդ գործընթացի արդյունքում առաջադրված թեկնածուներից մեկն արժանացավ քաղաքացիական հասարակության լրջագույն քննադատությանը և հրաժարվեց իր թեկնածությունը պնդելուց։ Այդպիսի ստվերային գործընթացը կոռուպցիոն դրսևորումների կասկածներ է առաջացնում, վնասում է ինչպես թեկնածու առաջադրող մարմնի, այնպես էլ` բարձր դատարանի հեղինակությանը։

 

Էդգար Շաթիրյանի թեկնածության վերաբերյալ մտահոգություն ենք հայտնում 2015-2019թթ․  բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա գործունեության, այնուհետև այս գումարման Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո հանձնաժողովի կողմից նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառաբանությամբ հրաժարականի կապակցությամբ։

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը դեռևս մեկ տարի առաջ ԱԺ լիագումար նիստով մանրամասն քննարկումից հետո մերժվեց այս գումարման Ազգային ժողովի կողմից, հետևաբար, մեկ տարի անց նրա թեկնածությանը հավանություն տալը լրջագույն պարզաբանման անհրաժեշտություն կունենա և ակնհայտ կասկած կհարուցի ստվերային և կոռուպցիոն գործընթացների առումով։

Մեր մտահոգությունն ենք արտահայտում թեկնածուներից հատկապես Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ: Արձանագրում ենք, որ ի դեմս այդ թեկնածուի, գործ ունենք մեկի հետ, որը տևական ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության նահանջի գործընթացին:

Երվանդ Խունդկարյանը 2001-2008թթ. աշխատել է որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, 2008-2010թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, 2010-2018թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, 2018-ից մինչ օրս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման տարիներին Խունդկարյանը մասնակցել է բազմաթիվ գործերի քննության, որոնց մի մասով այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության` այդ գործերով ճանաչելով դիմումատուների իրավունքների խախտումներ և որոշ դեպքերով սահմանելով 300․000 եվրոյից ավելի փոխհատուցումներ։

Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ նախորդ իշխանության գործունեության առումով չափազանց կարևոր է առաջին հերթին Երվանդ Խունդկարյանի կողմից քննված «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+ հեռուստաընկերություն») հայտնի գործը[1]։ Ա1+ hեռուստաընկերությունը, որպես անկախ լրատվամիջոց[2], քննադատում էր այն ժամանակվա իշխանությանն՝ ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչով էլ պայմանավորված, քաղաքական դրդապատճառներով՝ հեռուստաընկերությանը ճնշելու և լռեցնելու նպատակով, վերջինիս չի տրամադրվել հեռարձակման լիցենզիա։ Այս գործով առկա է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված բանաձև (տե՛ս PACE Resolution 1361 (2004)), որով խիստ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և խոսքի ազատության ապահովման վերաբերյալ։

 

Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ կայացված որոշումների արդյունքում այսօր արդեն կան ՄԻԵԴ-ի վճիռներ, որոնցով ճանաչվել են ՀՀ կողմից մարդկանց արդար դատաքննության և սեփականության իրավունքների խախտումներ։ Դրանցից են Թեղուտի բնակիչների սեփականազրկման գործերը[3], որոնք մոտ 200 -ն են, սակայն քչերն են կարողացել դիմել ՄԻԵԴ, Գլխավոր պողոտայի իրացման և սեփականության իրավունքի խախտման գործերը[4], արդար դատաքննության և սեփականության իրավունքի խախտման այլ գործեր[5]։  Այդ վճիռներն այն մասին են, որ ՀՀ ում իշխանությունը ոտնահարել է ժողովրդավարական արժեքները և մարդու հիմնարար իրավունքները, և այդ խախտումների կապակցությամբ չեզոքություն և բարձր հանդուրժողականություն է դրսևորել դատական իշխանությունը։ Ընդ որում, սրանք դեռ բոլոր գործերը չեն, որոնց կապակցությամբ դեռ կայացվելու են ՄԻԵԴ վճիռներ։

Երվանդ Խունդկարյանի կողմից և մասնակցությամբ կայացված որոշումները/վճիռները պետք է գնահատվեն ինչպես ՀՀ-ին պատճառված նյութական, այնպես էլ` ոչ նյութական վնասի տեսանկյունից՝ ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով։ Այդ որոշումներն են, ի թիվս այլնի, բնորոշում ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ ոտնձգած դատական համակարգը, այդ որոշումներն են ձևավորել անվստահություն դատական համակարգի նկատմամբ և վերացրել հավատը արդարադատության հանդեպ: Այդ որոշումներն են առավել բարենպաստ հող ստեղծել հակաժողովրդավարական և ամբողջատիրական իշխանության ամրապնդման համար: Այդ որոշումներն են հանդիսացել համակարգային կոռուպցիայի հենարանը և վնասել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։

Բացի վերոգրյալից, էական ենք համարում այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն[6]։

2018թ. հեղափոխութան արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև հիշյալ արժեքների դեմ ոտնձությունների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է լինեն պետության կողմից վարվող իրավական քաղաքականության շարժիչ ուժը։ Եվ եթե այսօր, որոշ հանգամանքներով պայմանավորված, ուշանում է արդարադատության խարան հանդիսացող անձանցից դատարաններն ազատելու գործընթացը, ապա նրանցով վստահաբար չի կարող համալրվել Սահմանադրական դատարանը։

Այսպիսի ընտրությունը ստվերելու է ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև Ազգային ժողովի հեղինակությունը։

 

Հաշվի առնելով վերոգրյալը` Արևելան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է մերժել Երվանդ Խունդկարյանի, Էդգար Շաթիրյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Ծանոթություն ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները եւ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը:

[1] https://hudoc.echr.coe.int/eng#{%22tabview%22:[%22document%22],%22itemid%22:[%22001-120656%22]}

https://hudoc.echr.coe.int/eng#{%22tabview%22:[%22document%22],%22itemid%22:[%22001-87003%22]}

[2] https://www.azatutyun.am/a/1567686.html?fbclid=IwAR32grzPwtr6Jrhp6KtRcZsuZVmLDQQqo4nfTR9Xoxo69L9AstLeLfAMH14

Լրագրողների պաշտպանության կոմիտե։ https://cpj.org/2002/04/independent-tv-channel-forced-off-the-air/

[3] Օսմանյան և Ամիրաղյան / http://hudoc.echr.coe.int/eng?i=001-186669/, Ալիխանյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189793/, Մաշինյան և Ռամազյան / http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189795/, Վարդանյան և Հախվերդյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189794/, Փարսադանյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189792/, Լևոն Ամիրխանյան  /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189790/, Ռամազյան / http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189789/, Ալիխանյան և Մելիքսեթյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-191547/,  Թամրազյան  /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-201738/ Արդար դատաքննության և սեփականության իրավունքների խախտումներ

[4] Թադևոսյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-192982/, Խաչատուրյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-201737/ – Սեփականության իրավունքի խախտում՝ ապօրինի սեփականազրկում պետության և հասարակության կարիքների համար

 

[5] Պողոսյան /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-161735/, SCHOLZ AG /http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189419/

[6] https://lurer.com/?p=383961&l=am&fbclid=IwAR3BGriQAzNe1MoZPb2Y8TbFRWiJ3MWte4KKeA_xFk5K2ZkrxabalF2XA08