14.09.2020 13:37

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են

Կիրակի՝ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ բողոքի ցույցերի 36-րդ օրը, Մինսկում և երկրի մյուս քաղաքներում կրկին բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել։

Մայրաքաղաքում ցույցը, որն այս անգամ անվանել են «Հերոսների երթ», փորձել է հասնել նախագահի նստավայրերից մեկը, սակայն միլիցիան կասեցրել է երթը։

Ցուցարարների բազմահազարանոց շարասյունը մոտեցել է Մինսկի արվարձանում գտնվող Դրոզդի ավանին, որտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի տունն է, և կանգ է առել նախագահական համալիրից մոտավորապես մեկ կիլոմետր հեռու, քանի որ ոստիկանական հզոր պատնեշը փակել է ճանապարհը։

Բելառուսցի ուժայինները Մինսկում ցուցարարների հիմնական շարասյան վրա չեն հարձակվել, բայց մարդկանց ծեծել են ու ձերբակալել «Հերոսների երթից» առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, երթուղուց նույնիսկ բավական հեռու։ Ձերբակալվածները հարյուրներով են։ Բելառուսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ օրվա վերջին ձերբակալվել է 400-ից ավելի մարդ։

Մամուլը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդել է կրակոցների մասին։ Ավելի ուշ Բելառուսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ ուժային կառույցների աշխատակիցները օդ են կրակել՝ ցուցարարների «անօրինական գործողությունները կանխելու նպատակով»։

Փոխանցում է BBC-ն։