14.09.2020 15:42

Փնտրել եւ չե՞ք գտել

Փնտրել եւ չե՞ք գտել

Ազգային ժողովն այս պահին նիստ է գումարել, որտեղ քննարկվում է  Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների հարցը:

Հիշեցնենք, որ մեկական թեկնածու են առաջադրել այդպիսի իրավունք ունեցող մարմինները`  Կառավարությունը, Նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը:

Նախագահի կողմից առաջադրված թեկնածուի պարագայում գոնե այս պահի դրությամբ իշխող ուժի հնչեցրած հարցադրումներից կարմիլ թելի պես անցնում է մեկ ընդհանրական միտք` նույն թեկնածուին`  Արթուր Վաղարշյանին, նախագահը մեկ տարի առաջ արդեն իսկ առաջադրել եւ ներկայացրել էր այս գումարման ԱԺ-ին, եւ նրա թեկնածությունը արդեն իսկ այդ գումարման ԱԺ-ի կողմից մերժվել է, ուրեմն, ո՞րն է նույն անձի թեկնածությունը եւս մեկ անգամ մեկ տարի անց առաջադրելու իմաստը, եթե քվեարկողները լինելու են այն նույն անձինք, որոնք մեկ տարի առաջ արդեն իսկ դեմ են քվեարկել:

Տրամաբանական միտք է, ինչ խոսք: Բայց...

ԴԸԺ կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանի պարագայում պատգամավորների վերաբերմունքը դեռ լիովին հասկանալի չէ, թեեւ իշխող ուժի մի քանի ներկայացուցիչներ իրենց ելույթում խոսեցին «համերաշխության», «շանս տալու» եւ այլնի մասին, եւ դա՝ ի հեճուկս մինչ այդ Խունդկարյանի հասցեին հնչեցված հասարակական քննադատության, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Ա1+ հեռուստաընկերության փակման գործում Խունդկարյանի ունեցած դերակատարությունը:

Այսինքն, երկու թեկնածուների վերաբերյալ արդեն իսկ առկա է տարակուսանք եւ քննադատություն, բայց... Սա հասկանալի կլիներ, եթե առաջադրման իրավունք ունեցող մեկ այլ մարմին` հեղափոխական կառավարությունը, այնպիսի առաջադրում/առաջադրումներ կատարեր, որ հարցեր չառաջանային,  եւ դրա ֆոնին մյուս երկու մարմինների առաջադրումները տարակուսելի լինեին Ի ՀԱՄԵՄԱՏՈւԹՅՈւՆ:

Բայց իրողությունն այն է, որ դրանք տարակուսելի են ոչ թե ի համեմատություն, այլ` ի շարս:

ԱԺ-ի կողմից կատարված Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ում երեք դատավորների թափուր տեղեր առաջանալուց հետո կառավարությունը արդեն երկու թեկնածու է առաջադրել, եւ երկուսն էլ՝ նույնքան կամ գուցե շատ ավելի տարակուսելի, քան մյուս մարմինների առաջադրումները, այն աստիճան տարակուսելի, որ կարծիքներ հնչեցին անգամ, որ եթե այդպիսի թեկնածուներ պետք է առաջադրեիք նաեւ դուք` հեղափոխական կառավարությունը, ապա ո՞րն էր ՍԴ նախկին անդամներին «պաշտոնանկ» անելու իմաստը:

Հիշում ենք, որ առաջին անգամ կառավարությունը առաջադրեց Վահրամ Ավետիսյանին, նա, ում հայրը 2008-ին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, որտեղ մարտի մեկից հետո դակվել են մի քանի տասնյակ քաղբանտարկյալների գործեր, մարդ, որը հայտարարել էր, որ մշտապես եղել է քաղաքականապես չեզոք, եւ որպես դրա ապացույց՝ մատնանշել էր այն, որ ինքը չէր մասնակցում համապետական ընտրություններին, զուգահեռաբար պարզվել էր, սակայն, որ նա մասնակցել է «ժողովրդավարական ընտրությունների հետ կապված տարբեր ծրագրերի», մարդ, որը, իրավապաշտպանների պնդմամբ, պետական բարձր պաշտոն զբաղեցնելու ժամանակ «օրենքով սահմանված սահմանափակումներից խուսափելու նպատակով` դիմել է կեղծ գործարքների, եւ դա արել է ֆինանսական եկամուտներ ստանալու եւ դրանք քողարկելու նպատակով»:

Բարձրացված հասարակական աղմուկից հետո Ավետիսյանը ինքը հրաժարվեց իր թեկնածությունը պնդելուց, ինչից հետո կառավարությունն առաջադրեց Էդգար Շաթիրյանին: Շաթիրյանը ընդամենը վերջերս հայտնի էր դարձել նրանով, որ իշխող խմբակցության թեկնածուն էր եւ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն օրեր անց հրաժարական էր տվել այն պատճառով, որ հանձնաժողովի անդամներն իրեն հանձնաժողովի նախագահ չէին ընտրել: Այսինքն, մարդը հենց այս գումարման ԱԺ-ի կողմից ստացել էր վստահության քվե, որը, սակայն, վերջինս փաստացի անտեսել եւ ստորադասել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը չստանալու պատճառով: Եւ ուրեմն, պարզ չէ, թե այս գումարման ԱԺ պատգամավորների վստահության քվեն մեկ անգամ արդեն չարաշահելուց հետո ինչո՞ւ պետք է նույն ուժը նորից առաաջադրի նույն այդ անձի թեկնածությունը, եւ առավելեւս` կողմ քվեարկի:

Հատկապես, որ այսօր էլ արդեն հասարակական հատվածը հարցեր ունի նաեւ Շաթիրյանի` նախորդ տարիներին Բարձրատիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի անդամի գործունեության հետ կապված:

Այսինքն, սահմանադրական փոփոխություններից հետո իշխող ուժը երկու թեկնածու է առաջադրել, երկուսն էլ` խնդրահարույց:

Եւ բնական հարց է ծագում, է եթե անգամ հեղափոխական ուժն է այսպիսի անշրջահայաց վարք դրսեւորում ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցում, ինչո՞ւ պետք է այդ նույնը չանեն դատավորները եւ նախագահը, մարդիկ, որոնք հեղափոխություն չեն արել, իրենց հեղափոխական ուժ չեն հռչակել:

Այսինքն, կառավարության այսպիսի քաղաքականությունը ամբողջությամբ ստվերում է մյուս երկու մարմինների քայլը: Որովհետեւ անհավատալի է թվում, թե այլ` ավելի արժանի եւ ոչ խնդրահարույց թեկնածուներ չկան: Արժանահավատ չի հնչում: Պետք էր ընդամենը լավ փնտրել: Եւ ուստի, հարց է ծագում, կառավարությունը փնտրել եւ չի՞ գտել:

 

Արսեն Օհանյան