14.09.2020 16:00

Կորոնավիրուս․ Ֆրանսիայում մեկ օրում՝ 10 հազար վարակակիր, Իսրայելում՝ լիակատար լոքդաուն

Կորոնավիրուս․ Ֆրանսիայում մեկ օրում՝ 10 հազար վարակակիր, Իսրայելում՝ լիակատար լոքդաուն

Եվրոպայում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը։

Ֆրանսիան հաղորդել է Covid-19-ով վարակվածների նոր ռեկորդային թիվ, վարակը նոր ուժով սկսել է տարածվել նաև Իսպանիայում և Չեխիայում։ Իսկ Իսրայելի իշխանությունները կրկին լիակատար լոքդաուն են մտցրել երկրի ամբողջ տարածքում։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհի բոլոր երկրներում Covid-19-ով հիվանդացել է արդեն 28,7 մլն մարդ, 920,8 հազար հիվանդ մահացել է։ Համավարակի ընթացքում առողջացել է 19,4 մլն մարդ։

Շաբաթ օրը Ֆրանսիայի իշխանությունները տեղեկացրել են, որ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 10 561 նոր դեպք՝ հազարով ավելի, քան մեկ օր առաջ։ Մահերի թիվը համավարակի ընթացքում անցել է 30 հազարից՝ դա աշխարհում յոթներորդ ցուցանիշն է։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ հաջորդ ուրբաթից երկրում սահմանվում է երեքշաբաթյա լոքդաուն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մոտավորապես 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում վերջին շաբաթներին ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսով վարակվելու մինչև 4 հազար նոր դեպք։

Փոխանցում է BBC-ն։