15.09.2020 11:01

Նավալնին մտադիր է վերադառնալ

Նավալնին մտադիր է վերադառնալ

Ալեքսեյ Նավալնին երկար ժամանակ կոմայի մեջ էր, և հայտնի չէր, թե կոմայից դուրս գալիս ինչ վիճակում կլինի։ Սակայն նա լրիվ գիտակցության է եկել և միանգամայն սթափ վիճակում է, հաղորդում է New York Times թերթը։

«Շարիտե» կլինիկան հաստատել է, որ Ալեքսեյ Նավալնիի վիճակը լավանում է, նա կարողանում է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց։

Ինչպես գրում է NYT-ն՝ հղում անելով Գերմանիայի անվտանգության մարմիններում անանուն աղբյուրին, գերմանական դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Նավալնին հաստատել է, որ ցանկություն ունի վերադառնալ Ռուսաստան, ինչպես նաև մերժել է իր հետ տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնելու՝ ռուսաստանյան իշխանությունների առաջարկը։

Գերմանիայի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույնի առկայությունը հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի անկախ լաբորատորիաները ևս։

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան համաձայն է Նավալնիի թունավորման վերաբերյալ ԵՄ-ի եզրակացություններին, ինչին Պուտինը պատասխանել է, որ ռուսաստանյան ղեկավարության հասցեին մերկապարանոց մեղադրանքները ամենևին տեղին չեն։

Փոխանցում է BBC-ն։