15.09.2020 13:11

Կորոնավիրուսն աշխարհում․ 300 հազար վարակակիր՝ մեկ օրվա ընթացքում

Կորոնավիրուսն աշխարհում․ 300 հազար վարակակիր՝ մեկ օրվա ընթացքում

Կիրակի օրը արձանագրվել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ռեկորդային աճ, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է մոտավորապես 308 հազար մարդ։

Զգալիորեն մեծացել է մահացության դեպքերի թիվը․ կիրակի արձանագրվել է 5500-ից ավելի մահ, հաղորդել է ԱՀԿ-ն։

Ավելի արագ վարակվածությունը տարածվում է այն երկրներում, որոնք արդեն հիվանդացածների թվով առաջատարներն են՝ Հնդկաստան (մեկ օրում՝ 94 372 դեպք), ԱՄՆ (45 523) և Բրազիլիա (43 718)։

Առաջիկայում իրավիճակը դժվար թե բարելավվի։ ԱՀԿ-ի՝ Եվրոպայի գծով տնօրեն Հանս Քլյուգեն երկուշաբթի France Presse գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հոկտեմբերին և նոյեմբերին Եվրոպայում  մահացությունը կմեծանա։

«Իրավիճակն ավելի կբարդանա, հոկտեմբերին և նոյեմբերին բարձր մահացություն կունենանք»,- նրա խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը։

«Ամենավատը դեռ ոչ մի դեպքում չի անցել»,- երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը։

Փոխանցում է BBC-ն։