15.09.2020 15:08

Ռաֆայել Թեյմուրազյան. Գիծը քաշվեց

Ռաֆայել Թեյմուրազյան. Գիծը քաշվեց

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

Այսօր ԱԺ-ում ՍԴ 3 դատավորի ընտրությունը, ըստ իս, ավելին է, քան պարզապես խնդրահարույց 3 անձի հայտնվելը նման պատասխանատու պաշտոնում։

1. Մեծանում է արդարության դեֆիցիտը։
Դատաիրավական բարեփոխումների իմաստը դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացումն է։ Իշխանության քայլերը խորացնում են դատական համակարգի նկատմամբ անվստահությունը։ Բաց թողնվեց իրավիճակը շտկելու հնարավորությունը։

2. Իշխանությունն անցնում է իր իսկ հռչակած «հեղափոխության արժեքների» վրայով։
Դատաիրավական բարեփոխումների՝ այդպես էլ տեղից չշարժվող գործընթացում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացվում էր որպես բազմաչարչար վեթինգին ծառայող գործիք։ Մամուլից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը ՍԴ դատավորի 3 թեկնածուներից մեկի վերաբերյալ բացասական կարծիք է տվել, իսկ մյուս երկուսին՝ հրապարակավ մեղադրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Այս պարագայում ՍԴ դատավորի պաշտոնում այդ անձանց ընտրությունը նշանակում է, որ հանձնաժողովի դիրքորոշումը որևէ նշանակություն չունի, այսինքն՝ այն ձևական բնույթ է կրում։ Այսպիսով, սա քվեարկություն էր բարեփոխումների՝ իրենց իսկ ընտրած ճանապարհի դեմ՝ ցույց տալով դրա անարդյունավետությունը, որովհետև գործիքը, որը կոչված էր ծառայել որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց, չաշխատեց։

3. Արժեզրկվում է երկրի ղեկավարի խոսքը։
Այսօր իշխանությունը ՍԴ դատավոր է ընտրում մեկին, որի հրաժարականը վարչապետի մակարդակով պահանջում էր ընդամենը մեկ տարի առաջ՝ առանց պարզաբանման փորձի, թե ի՞նչն է դիրքրորոշման վերանայման պատճառը։ ՍԴ նորընտիր այդ դատավորի տասնյակ վճիռներ Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների պատճառ են հանդիսացել՝ հարկատուներին արժենալով մոտ 300 հազար եվրո։
Սա առաջին դրվագը չէ, և գալիս է լրացնելու վարչապետի խոսքն անլրջացնելու նախորդ շարանը (անցումային արդարադատություն, դատավորների հրաժարական, վեթինգ, դատաիրավական համակարգին վիրահատական միջամտություն և այլն)։

4. Շարունակում է նվազել իշխանության հաշվետվողականության մակարդակը։
Եթե հանրությանը հայտնի էր, թե ինչ ընթացակարգերով էին ընտրվել ՍԴ դատավորի 3 թեկնածուներից 2-ը, ապա կառավարության ներկայացրած թեկնածուի ընտրությունն այդպես էլ չպարզաբանվեց։ Ավելին, նույն խորհրդարանը, որը նախորդ տարի չէր ընտրել թեկնածուներից մեկին, այսօր «Աստծո հրաշքով» ընտրեց՝ անլրջացնելով ինքն իրեն։ Եվ դարձյալ առանց բացատրության փորձի իսկ։

Արդեն տևական ժամանակ է՝ «հնի» և «նորի» ձուլման ականատես ենք դառնում։ Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն իշխանության, այլև՝ երկրի համար։