16.09.2020 07:45

ՍԴ դատավորների ընտրություն. Պարզվեց` փոխվել է, ամեն ինչ է փոխվել

ՍԴ դատավորների ընտրություն. Պարզվեց` փոխվել է, ամեն ինչ է փոխվել

Իշխանությունը շատ «յուրահատուկ» ձեւով «լուծեց» Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Առաջադրված բոլոր երեք թեկածուներին էլ ընտրեց` ի հեճուկս հասարակական եւ հանրային դժգոհության ալիքի: Բայց ամենաուշագրավը գործողությունների հերթականությունն էր եւ դրանց հակասականությունը:

Հիշեցնենք, առաջադրված երեք թեկնածու կար.

Կառաարության թեկնածու Էդգար Շաթիրյանը, Նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանը: Քվեարկությունից մեկ օր առաջ թեկնածուները խորհրդարանում էին եւ պատասխանում էին պատգամավորների հարցերին:

Եւ այդ հարցուպատասխանի ժամանակ ակնհայտ էր մեկ բան. եթե իշխող մեծամասնությունը, մեղմ ասած, շատ բարեհաճ էր կառավարության թեկնածու Շաթիրյանի պարագայում, նույնը հնարավոր չէր ասել մյուս թեկնածուների դեպքում: Ավելին, «Իմ քայլի» պատգամավորներից մեկը անգամ հասավ այնտեղ, որ նախագահի առաջադրած թեկնածուին ներկայացնող նախագահականի ներկայացուցչին ուղիղ հայտարարեց, թե Վաղարշյանի թեկնածությունը նորից առաջադրելը անարգանք է: Մասնավորապես, ԻՔ-ից Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ մեկ տարի առաջ էլի նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված նույն Վաղարշյանը նույն այս խորհրդարանի կողմից

ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն, եւ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ուստի հասկանալի չէ, թե ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը:

«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է  Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասել էր Հովակիմյանը:

Եւ իսկապես, ո՞նց կարելի էր նույն թեկնածուին մեկ տարի անց ներկայացնել նույն գումարման խորհրդարանին: Բայց խնդիրը նախագահականի քայլը չէ, եւ դրա վերաբերյալ արդարացի հարցապնդումը: Խնդիրն այն է, որ բնականորեն նման հարցի առաջացումն ու բարձրաձայնումը արդեն իսկ հուշում է, որ իշխող մեծամանասնությունը վրդովված է նախագահականի կրկնակի առաջադրումից, եւ բնականաբար, այս անգամ էլ դեմ է քվեարկելու այդ թեկնածուին:

Իսկ հիմա աբսուրդը. հաջորդ օրը տեղի է ունենում քվեարկություն, եւ պարզվում է, որ իշխող խմբակցությունը ամենաշատ կողմ քվեն տվել է հենց նույն Վաղարշյանին:

Ինչպե՞ս, ինչի՞ համար: Ու այստեղ արդեն այն հարցն էլ չէ, թե այդ ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում, որ Վաղարշյանը կարող էր բավարար թվով կողմ քվե ստանալ, այլ՝ թե այդ ի՞նչ փոխվեց մեկ օրվա ընթացքում: Ընդամենը մեկ օրվա ընթացքում:

 

Արսեն Օհանյան