17.09.2020 05:54

«Սլավոնական եղբայրություն»․ Մոսկվան Բելառուսում զորավարժությունների է ուղարկել 300 դեսանտայինների և մի նախարարի

«Սլավոնական եղբայրություն»․ Մոսկվան Բելառուսում զորավարժությունների է ուղարկել 300 դեսանտայինների և մի նախարարի

«Սլավոնական եղբայրություն 2020» զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Բելառուսի արևմուտքում, միջազգային ուշադրության են արժանացել։ Դրանք անցկացվում են Բելառուսում մեկ ամսից ավելի ձգվող  բողոքի ակցիաների ֆոնին։

Զորավարժությունները մարտավարական են համարվում, դրանց մասնակցում է ընդամենը մեկուկես հազար մարդ, որից 300-ը Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի զինծառայողներ են։

Ռուսաստանցի դեսանտայինների մասնակցությամբ զորավարժությունները տեղի են ունենում բելառուսական քաղաքներում զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններից հետո։ Այդ ընտրություններում հաղթող է հռչակվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն շատերը կասկածում են նրա հաղթանակին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին խոստացել է անհրաժեշտության դեպքում ուժային աջակցություն ցուցաբերել։

Սեպտեմբերի 16-ին Մինսկ է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այցի պաշտոնական նպատակը ռազմատեխնիկական համագործակցությունն է։

Փոխանցում է BBC-ն։