Լուկաշենկոն պատժում է դիվանագետներին

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանսիայում Բելառուսի նախկին դեսպան և ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոյին զրկել է դիվանագիտական կարգից, հաղորդել է «БелТа» գործակալությունը։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունում գործակալությանը տեղեկացրել են, որ նախագահը դիվանագիտական կարգից զրկել է նաև Սլովակիայում նախկին դեսպան Իգոր Լեշչենյային և ազատել է աշխատանքից Լատվիայում դեսպան Վասիլի Մարկովիչին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարկովիչը ազատվել է «պաշտոնեական պարտականությունների անպատշաճ կատարման համար»։ Նա նույնպես զրկվել է դիվանագիտական կարգից։
Լեշչենյան հրաժարական է տվել 2020 թ․ օգոստոսին, այն բանից հետո, երբ պաշտպանել է ցուցարարներին։
«Ես դեսպան եմ նշանակվել գործող նախագահի կողմից, և ենթադրվում է, որ պետք է վարեմ նրա կողմից սահմանվող քաղաքականությունը։ ԱԳՆ-ն համարում է, որ իմ հայտարարության մեջ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը դուրս է եկել այդ շրջանակներից»,- պարզաբանել է նա։
Պավել Լատուշկոն դեսպան է եղել 2012-2019 թթ․։ Վերադառնալով Մինսկ՝ նա գլխավորել է Յանկա Կուպալայի անվան թատրոնը։ 2020 թ․ օգոստոսի 19-ին նա հեռացվել է աշխատանքից՝ այն բանից հետո, երբ բելառուսական ՆԳՆ-ի ղեկավար Յուրի Կարաևին կոչ էր արել հրաժարական տալ։
Փոխանցում է tvrain-ը։