17.09.2020 15:31

Լեխ Կաչինսկու օդանավի աղետը․ Լեհաստանն ուզում է կալանավորել ավիակարգավարներին

Լեխ Կաչինսկու օդանավի աղետը․ Լեհաստանն ուզում է կալանավորել ավիակարգավարներին

Լեհական ռադիոյի հաղորդման համաձայն՝ երկրի դատախազությունը դատարանին խնդրել է կալանավորել ռուսաստանցի երեք ռազմական ավիակարգավարներին, որոնք աշխատել են Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի աղետի ժամանակ, որ տեղի է ունեցել 2010 թ․ Սմոլենսկի մերձակայքում։

Կալանքի սանկցիան Լեհաստանին հնարավորություն կտա աղետի համար, դատախազության կարծիքով՝ մեղավոր համարվող սպաներին արտահանձնելու հարցով դիմում ներկայացնել։

«Ավիադիսպետչերների դեմ մեղադրանքը թռիչքի ընթացքում միտումնավոր աղետի մասին է, ինչը հանգեցրել է շատ մարդկանց մահվան»,- հայտարարել է լեհական դատախազության ներկայացուցիչը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռուսաստանցի զինվորականները օդաչուներին սխալ տեղեկություններ են հաղորդել նախագահի օդանավի դիրքի մասին։ Լեհական դատախազությունը դիսպետչերների անունները լրիվ չի հաղորդում՝ նշելով միայն նրանց կոչումները, անունները և ազգանունների առաջին տառերը։

Սմոլենսկի մերձակայքում օդանավի աղետը Լեհաստանի պատմության ամենասարսափելի էջերից է և մինչև հիմա կատաղի վեճեր է հարուցում հասարակության շրջանում։ Աղետի հետևանքով զոհվեցին երկրի նախագահը ու ևս 95 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքական գործիչներ։

Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության կարծիքով՝ աղետը պատահական չէր, շատերը Լեհաստանում դրա համար մեղադրում են Ռուսաստանին։

Փոխանցում է BBC-ն։