Բելառուսի ընդդիմությունը ուժայինների «սև ցուցակ» է կազմում

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է ուժային կառույցների աշխատակիցների «սև ցուցակ» կազմելու մասին, որոնք, ընդդիմության կարծիքով, առնչություն ունեն ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններին։
«Մեզ փոխանցել են նրանց անուն-ազգանունները, ովքեր ծեծում ու խոշտանգում են մարդկանց։ Ուստի մենք այն պաշտոնյաների և ուժայինների առանձին ցուցակ ենք կազմում, ովքեր մասնակցել են և շարունակում են մասնակցել միլիցիայի կամայականություններին։ Մենք այն անվանել ենք «Տարայկովսկու ցուցակ» (Ալեքսանդր Տարայկովսկին բողոքի ցույցերի ընթացքում առաջին զոհն է, նրա մահվան համար ընդդիմությունը մեղավոր է համարում ուժային կառույցների աշխատակիցներին)»,- գրել է Տիխանովսկայան։
Նրա խոսքով՝ ցուցակում կընդգրկվեն այն անձինք, ովքեր «առնչություն ունեն խոշտանգումներին, ապօրինի կալանքներին և ձերբակալվածներին ծաղրուծանակի ենթարկելուն»։
«Մեղավորներին հայտնաբերելու համար մենք ակտիվորեն համագործակցում ենք իրավապաշտպանների և «Բելառուսի սև գիրքը» նախագծի հետ։ Մենք այս ցուցակը կփոխանցենք Ուկրաինային, Թուրքիային, Ռուսաստանին, Եվրամիության երկրներին և ԱՄՆ-ին։ Ցուցակը կհրապարակվի և մշտապես կհամալրվի»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Փոխանցում է Interfax-ը։