18.09.2020 10:00

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան և զբաղեցնում է 101-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (1:2) և հաղթելով Էստոնիային (2:0):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան ու Կոլումբիան:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 66-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, իսկ Էստոնիան՝ 108-րդը:

Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին: