18.09.2020 03:35

Տուխել. Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին

Տուխել. Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում «Մեցի» նկատմամբ տնային հաղթանակը նվազագույն հաշվով: Փարիզցիների հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը։ 65-րդ րոպեից ՊՍԺ-ն 10 ֆուտբոլիստներով էր խաղում ֆրանսիացի պաշտպան Աբդու Դիալոյի հեռացման պատճառով: Խաղի վերջնամասում նաև վնասվածք ստացավ իսպանացի պաշտպան Խուան Բերնատը, բայց Թոմաս Տուխելն արդեն կատարել էր բոլոր փոփոխությունները և թիմը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

«Չգիտեմ, թե արդյոք ֆուտբոլի պատմության մեջ եղել է հաղթանակ 9-ը 11-ի դեմ խաղով, սակայն մենք արժանի էինք դրան: Շատ հպարտ եմ ու երջանիք: 9 հոգով հաղթանակի հասնելն անհավանական է:

Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ մենք սպանում ենք ֆուտբոլիստներին, նրանք մահացած են: Ես շատ եմ անհանգստանում, որ կունենանք վնասվածքներ, եթե շարունակենք նույն ոգով»,- Տուխելի խոսքը մեջբերում է Téléfoot-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային 2 խաղերում ՊՍԺ-ն պարտվել էր «Լանսին» ու «Մարսելին»: