ԱՀԿ․ Կորոնավիրուսային իրավիճակը Եվրոպայում հիմա ավելի վատ է, քան մարտին էր

Ջոնս Հոփքինսի համալսարանը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսով վարակվել է արդեն 30 միլիոնից ավելի մարդ։ Վերջին տվյալների համաձայն՝ 944,3 հազար հիվանդ մահացել է, առողջացել է վարակվածներից 20,4 միլիոնը։
Ամենաշատը տուժած երկրները, նախկինի պես, ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան են, սակայն վերջին շաբաթներին վարակն սկսել է նոր ուժով տարածվել Եվրոպայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ եվրոպական երկրներում վարակվածների թիվն արդեն անցնում է մարտ ամսվա ցուցանիշները, երբ համավարակն իր գագաթնակետին էր հասել։ Միայն անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել է վարակման 300 հազար նոր դեպք։ Մարտի վերջին Եվրոպայում նոր դեպքերի թիվը եղել է 26 475։
Շատ երկրներ մտածում են կրկին խիստ կարանտինի անցնելու մասին։
Հիվանդացության նոր հակառեկորդներ են նկատվում Նիդեռլանդներում։
Իսպանիայում ուսանողները դասադուլ են կազմակերպել՝ իշխանություններից պահանջելով դպրոցներում և բուհերում անվտանգության ավելի պատշաճ միջոցներ կիրառել, մասնավորապես՝ դասախոսներին ապահովել անհատական պաշտպանական միջոցներով և ավելի խստորեն հետևել մաքրությանը։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 239 մարդ՝ ամենամեծ թիվը հունիսից ի վեր։
Ֆրանսիայում նույնպես գործադուլ է սպասվում, ինչի կոչն են անում արհմիությունները։ Վերջին օրվա ընթացքում այստեղ արձանագրվել է կորոնավիրուսի գրեթե 10 հազար նոր դեպք։
Գերմանիայում անցած 24 ժամերին նույնպես ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել՝ ապրիլից ի վեր։
Փոխանցում է BBC-ն։