18.09.2020 04:33

Լուկաշենկո․ «Մենք ստիպված ենք զորքերը փողոցից հանել և փակել Արևմուտքի հետ սահմանը»

Լուկաշենկո․ «Մենք ստիպված ենք զորքերը փողոցից հանել և փակել Արևմուտքի հետ սահմանը»

Բելառուսի իշխանությունները փակում են Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանները և ավելի են ուժեղացնում Ուկրաինայի հետ սահմանը, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք ստիպված ենք զորքերը հանել փողոցից, ինչպես արդեն ասել եմ, բանակի կեսին զենք տալ և փակել Արևմուտքի հետ պետական սահմանը։ Նախևառաջ՝ Լիտվայի և Լեհաստանի,- կանանց «Հանուն Բելառուսի» համաժողովում հայտարարել է Լուկաշենկոն, ապա հավելել։- Մենք չգիտենք, թե նրանք է՛լ ինչ կանեն։ Մենք հասկանում ենք, որ նրանց զինանոցում շատ քիչ հնարքներ են մնացել, քանի դեռ «թեժ» պատերազմ չեն հրահրել։ Մենք հարկադրված ենք ուժեղացնելու պետական սահմանը, ցավոք, մեր եղբայրական Ուկրաինայի հետ»։

Լեհ սահմանապահները, սակայն, РИА Новости-ին հայտարարել են, որ Բելառուսի հետ սահմանը գործում է սովորական ռեժիմով։ Նույնն է ասել նաև Լիտվայի ներքին գործերի նախարար Ռիտա Տամաշյունենեն։

«Ես ստիպված եմ վերջին օրերին Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ վերաշինել միութենական պետության համատեղ պաշտպանությունը։ Մենք աշխուժացրել ենք վաղուց մոռացված զորավարժությունները, որոնք հիմա տեղի են ունենում մեր երկրի արևմուտքում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հատուկ նշելով, որ այդ զորավարժությունների երկրորդ փուլը նվիրվելու է «մեր կանանց»։

Փոխանցում է BBC-ն։