18.09.2020 06:19

Կիպրոսը կարող է արգելափակել ԵՄ-ի պատժամիջոցներն ընդդեմ Լուկաշենկոյի

Կիպրոսը կարող է արգելափակել ԵՄ-ի պատժամիջոցներն ընդդեմ Լուկաշենկոյի

Եվրոպացի լրագրողների տեղեկություններով՝ Կիպրոսի իշխանությունները պատրաստ են արգելափակել Եվրամիության պատժամիջոցներն ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի, եթե ԵՄ-ն չհամաձայնի նույնպիսի միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Ինչպես հաղորդում են Reuters գործակալությունը և Guardian  թերթը՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, երկուաբթի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում կանցկացնեն՝ Մինսկի դեմ նոր միջոցառումները հաստատելու հույսով, սակայն Կիպրոսը առայժմ դեմ է հանդես գալիս։ Քանի որ Եվրամիությունում բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, դրա համար պահանջվում է առանց բացառության բոլոր անդամ-երկրների համաձայնությունը, նույնիսկ՝ ամենափոքրերի։

Reuters-ը հղում է անում Կիպրոսից անանուն մի դիվանագետի, որը պնդում է, որ իր երկիրն «այլընտրանք չունի»։ «Մենք դեմ չենք Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն, բայց մենք կարծում էինք, թե քաղաքական ըմբռնում կա, որ երկու գործընթացները զուգահեռ են տարվելու»,- ասում է դիվանագետը։ Կիպրոսը պնդում է թուրքական ընկերությունների և պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել՝ Կիպրոսի ափերի մոտ գազի և նավթի արդյունահանություն սկսելու՝ Անկարայի որոշման կապակցությամբ։

Այդ տարածաշրջանում վերջին ամիսներին լարվածությունը մեծանում է, դիմակայությանը մասնակցում են Թուրքիայի ռազմանավերը, ինչպես նաև Հունաստանը և Ֆրանսիան։

Փոխանցում է BBC-ն։