18.09.2020 06:59

Նավալնիի թունավորման նոր վարկածը․ ջրի շշեր՝ «Նովիչոկի» հետքերով

Նավալնիի թունավորման նոր վարկածը․ ջրի շշեր՝ «Նովիչոկի» հետքերով

Հինգշաբթի օրը նոր մանրամսներ ի հայտ եկան ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ։

«Проект» պարբերականը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարի զինակիցները ենթադրում են, որ «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութը կարող էր քսված լինել ջրի պլաստիկե շշին, որից Տոմսկի Xander հյուրանոցում ջուր է խմել Նավալնին։

Նավալնիի Ինստագրամում տեսանյութ է տեղադրվել, որտեղ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցները նրա հյուրանոցային համարում հավաքում են հանցանշանները, այդ թվում՝ պլաստիկե շշերը։ Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը BBC-ի ռուսական ծառայությանը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները վերցրել են այն հագուստը, որով եղել է Նավալնին հիվանդանոց տեղափոխվելիս։

Ռուսաստանը հերքում է, թե Նավալնին թունավորվել է «Նովիչոկով», ինչպես դա պնդում են Գերմանիան և եվրոպական ևս երկու երկրներ, որոնք թեստ են անցկացրել։ Մոսկվան նաև պահանջում է, որ Բեռլինը իրեն տրամադրի ընդդիմադիր գործչի դեմ քիմիական զենք կիրառելու ապացույցները, այդ թվում՝ անալիզների արդյունքները։ Սակայն Գերմանիան դրանք փոխանցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում նաև Ռուսաստանը։

Փոխանցում է BBC-ն։