18.09.2020 08:39

Մինսկում ձերբակալվել է «Весна» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչը

Մինսկում ձերբակալվել է «Весна» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչը

Բելառուսում չգրանցված «Весна» իրավապաշտպան կենտրոնը տեղեկացրել է իր կամավորական ծառայության համակարգող Մարիա Ռաբկովային ձերբակալելու մասին։

«Սեպտեմբերի 17-ի երեկոյան Մինսկում ձերբակալվել է մեր կամավորական ծառայության համակարգող Մարիա Ռաբկովան։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաև նրա ամուսինը, որին մի քանի ժամ անց բաց են թողել»,- ասվում է այսօր կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց ձերբակալել են «ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները՝ ՔՕ 293 հոդվածի 3 մասով (անձանց ուսուցում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կամ նման գործունեությունը ֆինանսավորելու նպատակով)։

Հաղորդվում է նաև, որ Ռաբկովայի և նրա ամուսնու բնակարանում խուզարկություն է կատարվել, «առգրավվել են տեխնիկա, անձնական իրեր, ուսման համար նախատեսված գումար»։

Իրավապաշտպաններն այժմ տեղեկություն չունեն, թե որտեղ է գտնվում Մարիա Ռաբկովան։

Փոխանցում է Interfax-ը։