18.09.2020 10:10

Ճիշտը երբեմն լռելն է

Ճիշտը երբեմն լռելն է

Իրական քաղաքական գործիչ լինելը հեշտ բան չէ: Ճիշտ է, Հայաստանում ամեն տարի գնալով այդ նշաձողը իջնում է ավելի ու ավելի, ամեն օր քաղաքական «հորիզոնում» տասնյակ նոր այնպիսի «գործիչներ» են հայտնվում, որ տպավորություն է ստեղծվում, թե շատ–շատերը իրենց քաղաքական գործիչ են հռչակում միայն այն պատճառով, քանի որ ձեռքներից ոչ մի բան չի գալիս, ոչ մի մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել, ոչ մի բանից գլուխ չեն հանում:

Ու այդպիսի խառնիճաղանջ մթնոլորտում առավելեւս բարդ է լինել քաղաքական գործիչ։ Բայց եթե որոշում ես, որ դու դա՛ ես, ապա պարտավոր ես չիջնել ցածրացված նշաձողին: Քանի որ քաղաքական գործիչները նրանք չեն, որ ամեն հարց վերածում են շոուի` լրատվականների էջերից չիջնելու համար, այլ նրանք, ովքեր ամեն դեպքում եւ ամեն հարցի առնչվելիս գիտակցում են, որ իրենց ասելիքը չի կարող եւ չպետք է կախված լինի հանրային պահանջարկից եւ կամ նորաձեւությունից:

 

Ընդհանրապես, ասում են` քաղաքական գործիչը միշտ պիտի պատկերացնի, որ վաղը հենց ինքը կարող է լինել իշխանություն: Ըստ այդմ էլ, ընդդիմություն եղած ժամանակ պետք է ոչ թե ասի այն, ինչ իրենից ցանկանում են լսել, կամ` անիրատեսական մտքերով դիվիդենտներ շահի, այլ ասի այն, ինչ ինքը կաներ, եթե իշխանություն լիներ:

Ասել է թե` միշտ հիշել պատասխանատվության մասին:

Իսկ երբ դու իշխանություն ես` հատկապես, ապա տասնապատիկ պատասխանատու պետք է լինես: Որովհետեւ իշխանության բեռը ծանր է, որովհետեւ եթե դու իշխանություն ես, ապա հազարապատկվում են արգելքներն ու սահմանափակումները, «չի կարելիները», որոնք չպետք է անես: Եւ այդ «չի կարելիների» շարքում առանցքային է սեփական խոսքի սահմանափակումը, գիտակցումը, որ կան բաներ, որ իշխանությունը չի կարող ասել, քանի որ իշխանության շուրթերով խոսում է պետությունը:

Եւ այդ պարագայում չես կարող քեզ թույլ տալ ասել այն կամ ասելիքդ այնպես  ձեւակերպել, ինչպես որ կարող էիր, երբ միջին վիճակագրական քաղաքացի էիր:

Անգամ եթե շատ ես ցանկանում, անգամ եթե` կոկորդիդ է հասնում, անգամ եթե չես կարող համբերել, անգամ եթե հանգամանքներն են ստիպում, անգամ եթե սադրում են: Անգամ եթե` ՃԻՇՏ ես: Նույնիսկ եթե ճիշտ ես, կան իրավիճակներ, երբ պետք է լռես:

Բայց առավելեւս պետք է լռես, երբ հատկապես սխալ ես:

Երբ շատ ասելիք է կուտակվում, երբ ասելիքը խեղդում է, ճիշտը դադար վերցնելն ու ժամանակ առ ժամանակ լռելն է: Ընդհանրապես, սխալը մարդու համար է: Նորմալ է, երբ մարդը, քաղաքական գործիչը, իշխանությունը աշխատում եւ նաեւ սխալվում է: Նորմալ չէ, երբ սխալը ոչ միայն չի գիտակցվում, այլեւ` համառորեն հերքվում է: 

 

Քրիստինե Խանումյան