21.09.2020 13:09

«Արդարության երթ» Բելառուսում․ 200 և ավելի ձերբակալություն

«Արդարության երթ» Բելառուսում․ 200 և ավելի ձերբակալություն

Կիրակի օրը Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում անցել է հերթական կիրակնօրյա Արդարության երթը՝ ի նշան բողոքի նախագահական ընտրությունների դեմ, որոնց արդյունքում հաղթող հայտարարվեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Весна» իրավապաշտպան կենտրոնի հաղորդման համաձայն՝ ընդհանուր առմամբ իրավապահները ձերբակալել են 234 մարդու, դրանցից 165-ը՝ Մինսկում, և 69 հոգի՝ մյուս քաղաքներում։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Գոմելում, Մոգիլյովում, Գրոդնոյում և Բրեստում։

Մինսկում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են դուրս բերել, Բրեստում արցունքնաբեր գազ են կիրառել։

Ինչպես հաղորդել է A1 օպերատորը, Մինսկում պետական մարմինների պահանջով կրկին նվազեցվել է ինտերնետի արագությունը։ Արագությունը վերականգնվել է միայն տեղական ժամանակով ժամը 19։05, երբ ցուցարարների մեծ մասը ցրված է եղել։

Tut.by կայքի տվյալներով՝ Մինսկում ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ։

Նախորդ օրը Մինսկում տեղի է ունեցել արդեն ավանդական «Կանանց երթը», որը նույնպես ավարտվել է ձերբակալություններով։ Բելառուսի ՆԳՆ-ի պնդմամբ՝ սեպտեմբերի 19-ի ակցիային Բելառուսի 11 քաղաքներում մասնակցել է 900-ից ոչ ավելի մարդ, ընդ որում՝ նրանցից 430-ը (415-ը՝ Մինսկում) ձերբակալվել են «զանգվածային միջոցառումների մասին օրեսդրությունը խախտելու» ձևակերպմամբ։

Փոխանցում է BBC-ն։