21.09.2020 07:21

Թրամփն «օրհնել է» TikTok-ի հետ գործարքը

Թրամփն «օրհնել է» TikTok-ի հետ գործարքը

Նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել այն գործարքի պայմաններին, ինչը չինական հանրահայտ TikTok վիդեո-հավելվածին թույլ կտա աշխատել ԱՄՆ-ում։

«Անվտանգությունը հարյուր տոկոսանոց կլինի։ Ես թույլ եմ տվել գործարքը։ Սկզբունքորեն՝ ես դրան հավանություն եմ տվել»,- հայտարարել է Թրամփը շաբաթ օրը՝ Սպիտակ տնից ուղևորվելով Հյուիսիսային Կառոլինա, նախընտրական հանրահավաքի։

Հավելվածը «կա և կլինի» Միացյալ Նահանգներում, հայտարարել է TikTok-ի ղեկավար Վանեսա Փափասը։

Օգոստոսի 7-ին Դոնալդ Թրամփը Ամերիկայում TikTok-ի գործունեության դեմ ուղղված կարգադրություն էր ստորագրել՝ վկայակոչելով ազգային անվտանգության հարցերը։ Թեպետ հավելվածի սեփականատերը՝ չինական ByteDance ընկերությունը, հայտարարում էր Չինաստանի իշխանություններից իր անկախության մասին, փորձագետները մտավախություն ունեին, որ TikTok-ի մոտավորապես 100 միլիոն ամերիկացի օգտատերերի անձնական տվյալները հասանելի են ՉԺՀ պետական մարմիններին։

Փոխանցում է BBC-ն։