22.09.2020 08:28

Լիզա Ճաղարյան. «Ասֆալտին են փռում» Մարտի 1–ի քրգործը

Լիզա Ճաղարյան. «Ասֆալտին են փռում» Մարտի 1–ի քրգործը

Ըստ լրատվամիջոցների` Քոչարյան Ռոբերտն այսօր մոտեցել է դատարանի առջեւ հավաքված իր «բազմահազար» աջակիցներին եւ հորդորել, որ գնան տուն, անտեղի իրենց թանկագին ժամանակը չվատնեն «անիմաստ» դատավարությանը հետեւելով։

Չարակամներս անմիջապես մտածեցինք, որ գլխավոր ամբաստանյալը որոշել է այլեւս «անիմաստ» ծախսեր չանել, ամբաստանյալի աջակիցներն էլ երեւի մտածեցին` էս ի՜նչ բարի մարդ է մեր «հերոսը», չի ուտում–չի խմում–չի քնում` մեր մասին է մտածում։

Իսկ դառն իրականությունն այն է, որ Քոչարյանն այլեւս իրեն պաշտպանված է զգում, իսկ ավելի պատկերավոր ասած` ծովը ծնկներին է հասել, եւ դատարանի դռանը կանգնած «աջարակիցների» հույսին չի մնացել։

Հայաստանի փաստաբաններից կազմված մի մեծ գումարտակ` տուն–տեղ մոռացած ծառայում է իրեն («չար» լեզուները պատմում են, որ երկու–երեք աշխատասենյակ զբաղեցնող քոչարյանական փաստաբանական խումբն արդեն մի ողջ հարկաբաժին է վարձակալել), ինքը` շատ վատառողջ ամբաստանյալը, գրավով ազատ արձակվելուց հետո մեկ օրում պոպոքի... չէ` ճղոպուրի պես առողջացավ եւ շտապեց կապուտաչյա Սեւանա լճում «սկուտեր» քշելու։ Ձեռի հետ էլ «հախթանակած երիտասառթութանը» հավաքում է գլխին` բոլորն առանց դիմակների, եւ «աչալուրջ» Պարետատան «համերաշխ» հայացքի ներքո զարմացնում իր «ինտելեկտուալ» զրույցներով (դե բա` մի քանի գիրք է կարդացել բանտախցում, չպատմի՞ մատաղ սերնդին)։

Այստեղից էլ սկսենք. Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ ինքն այլեւս անհանգստանալու բան չունի։ Ի՛ր իսկ ստեղծած դատաիրավական համակարգը հեղափոխությունից հետո մնաց անփոփոխ, Սահմանադրական դատարանի ճգնաժամը շռնդալից հաջողությամբ լուծվեց հօգուտ ճգնաժամի, հանցագործներին «ասֆալտին փռող», վեթինգ անող իշխանությունները բացճակատ եւ հպարտությամբ հայտարարեցին, որ իրենք ոչ միայն «թավշյա» են, այլեւ «համերաշխության» առաջամարտիկներ են, եւ եթե նույնիսկ այդ «համերաշխությունը» ակնհայտ ճաքեր տվեցին, ապա «հանգիստ նստեք տեղներդ» հոխորտանքն ամենեւին էլ ուղղված չէր ո՛չ Քոչարյան Ռոբերտին, ոչ է՛լ այն բազմաթիվ հանցագործներին, որոնց դեմ փողոց դուրս եկավ եւ իշխանությունից զրկեց հեղափոխական Փաշինյանը` Հայաստանի քաղաքացիների գործուն աջակցությամբ։

Որքան էլ որ անհավատալի թվա, իշխանությունը լծվել է արդարության ձգտումով պայքարի ելած հանրությանը, հեղափոխությանն անշահախնդրորեն աջակցած ուժերին իրենց «տեղը ցույց տալու» գործին։ Այստեղ եւ այս դեպքում պարոն վարչապետն ու նրան թութակի պես կրկնող որոշ ՔՊ–ականներ մոռանում են ե՛ւ «թավշի», ե՛ւ «համերաշխության» մասին։

Ինչո՞ւ։

Բազմաթիվ պատճառներ կարող եմ ենթադրել։ Օրինակ, որ հեղափոխականներն այս պարագայում կորցնում են ինքնատիրապետումը, որովհետեւ հանցագործ նախկինների քննադատություն կոչվածը կեղծիքների, խեղաթյուրումների շղթա է եւ կարելի է քմծիծաղել ու անցնել, իսկ հեղափոխությանն աջակցողներինը` հիմնավոր եւ ծանրակշիռ, ինչն էլ հունից հանում է իշխանությանը։

Կամ գուցե պատճառն այն է, որ ռոբասերժական ավազակախումբն ընդունակ է ցանկացած նենգության ու վտանգավոր քայլի, իսկ հեղափոխությանն աջակցողներն ուղղամիտ են, թիկունքից խփելու «ավանդույթին» չեն տիրապետում, եւ հեղափոխական իշխանությունը վտանգավորներին սիրաշահելու միամիտ ճամփա՞ն է բռնել։

Իսկ հնարավո՞ր է, որ պատճառը հարգարժան վարչապետի` ամեն գնով իր եւ իր իշխանության «աննախադեպության» մասին շարած պատը տեղ–տեղ խարխլվում է, եւ դրա «մեղավորը» Հայաստանի անկախությունը կերտած ուժերն են, որոնք շատ տարիներ առաջ անցել են «աննախադեպության» գրեթե բոլոր արահետներով։

Գուցե այլ պատճառնե՞ր կան, որոնց մասին բարձրաձայնելը դեղին մամուլի մենաշնորհն է։

Ինչ եւ ինչպիսի պատճառներ էլ լինեն, այդ պատճառներն անուղղակիորեն թե ուղղակիորեն` մեղադրյալ Քոչարյանին եւ մյուսներին վերադարձնում են իրենց ելման կետին` վստահությանը, որ իրենք անպատժելի են, եւ հանրության սպասումներն էլ, որ Մարտի 1–ի ոճրագործության մեղավորները կպատժվեն, «փռվել է ասֆալտին»։  

Դիմակ հագեք։

...Չնայած այս դեպքում դիմակն «անիմաստ» է` ինչպես կասեր «հերոս» ամբաստանյալը։