23.09.2020 05:10

Nexta-ն հաղորդել է Լուկաշենկոյի գաղտնի պաշտոնակալման արարողության մասին

Nexta-ն հաղորդել է Լուկաշենկոյի գաղտնի պաշտոնակալման արարողության մասին

Մինսկում, Անկախության պալատի մոտ, որտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրն է, նկատվել են ռազմական տեխնիկա և պատվավոր պահակախմբի վաշտեր, հաղորդել է Tut.by-ն։

Անկախության պալատի և դրան հարակից «Белэкспо» ցուցասրահի մերձակայքում երթևեկությունը փակ է։ Ավտոտեսուչները փակել են երթևեկությունը նաև Անկախության պողոտայով։

The Village-ի տեղական խմբագրությունը փոխանցում է, որ Անկախության պալատին են մոտենում կոստյումավոր մեծ թվով մարդիկ։ Պարբերականը ենթադրում է, որ դրանք պաշտոնյաներ են։ Նաև նկատվել են պետական հեռուստաալիքների լրագրողներ։

Ականատեսների խոսքով՝ Լուկաշենկոյի նստավայր են եկել նրա ավտոշարասյան մեքենաները։ Onliner-ը գրում է, որ այնտեղ է ժամանել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Մաքսիմ Ռիժենկովը։

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հրաժարվել է РИА Новости-ին տեղեկացնել, թե երբ է տեղի ունենալու Լուկաշենկոյի ինաուգուրացիան և խոստացել է դա ասել՝ հենց որ արարողության «ժամանակը մոտենա»։

Նախորդ օրը Nexta տելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնակալման արարողությունը կարող է գաղտնի կայանալ՝ բողոքի ցույցերից խուսափելու նպատակով։ Nexta-ն ինաուգուրացիայի երեք ամսաթիվ է հաղորդել՝ սեպտեմբերի 23, 27 և 28։

Փոխանցում է tvrain-ը։