23.09.2020 08:51

Արդյո՞ք ճգնաժամը լուծվեց

Արդյո՞ք ճգնաժամը լուծվեց

Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են փորձում ընտրել:

Մինչ այդ, ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների քվեարկությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծված է:

Սա վարչապետը հայտարարեց առաջադրված թեկնածուների եւ նրանցից հատկապես Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի հասցեին հնչած քննադատությունների ֆոնին:

Բայց ճգնաժամը հաղթահարված հայտարարելու համար պետք է հասկանալ` ի՞նչ խնդիրներ էին մատնանշվում իշխանությունների կողմից՝ որպես ճգնաժամի առկայության առհավատչյա, եւ արդյո՞ք այդ խնդիրները չեզոքացված են: Ու եթե այդ դիտանկյունից ենք նայում խնդրին, տեսնում ենք, որ դրանք չեզոքացված են մասնակի, կամ` ֆորմալ առումով:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ճգնաժամի առկայությունը հաստատելուց հետո իշխանությունները դա փաստարկում էին մի քանի հանգամանքներով: Առաջինը ֆորմալ բացատրությունն էր. այն է, որ թեեւ Հայաստանը Սահմանադրական փոփոխություններով կառավարման նոր մոդելի էր անցել, եւ այդ նոր տեքստով Սահմանադրական դատարանի կազմավորման, դատավորների պաշտոնավարման եւ նախագահի ընտրության ձեւը եւս պետք է փոխվեր, սակայն այդ ամենը դե ֆակտո մնաց հին կարգավորումների շրջանակներում: Այսինքն, կա «նոր» Սահմանադրություն, որը նախատեսում է նոր ձեւի ՍԴ, բայց այդ նոր ՍԴ-ն այդպես էլ չկա, եւ դեռ տարիներ շարունակ չի լինելու:

Երկրորդ հիմնավորումը բովանդակային էր` Սահմանադրական դատարանը ունի հանրային վստահության խնդիր, քանի որ տարիներ շարունակ զբաղված է եղել ոչ թե ՀՀ քաղաքացիների անհատական եւ հավաքական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ, այլ իշխանությունների կամքը դակելով:

Այս տարվա փետրվարին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն այդ առիթով անգամ հայտարարել էր.

 «Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանը ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»:

Իսկ  ելույթի վերջում էլ, անդրադառնալով նրան, թե ինչ արդյունքի պետք է հասնեն այդ փոփոխությունների հետևանքով, նշել էր. «Եւ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում, եւ ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար»:

 

Իսկ հիմա հետ գանք նորից մեր օրեր: Այժմ, երբ երեք դատավորները ընտրված են, արդյո՞ք տեսնում ենք վերացված խոչընդոտներ: Այո, էլի ու էլի, ֆորմալ առումով դատավորների պաշտոնավարման ժամկետների եւ ՍԴ նախագահի ընտրության ժամկետի ու կարգի հարցերը լուծվել են: Իսկ արդյո՞ք լուծվել է հիմնական բովանդակային խնդիրը` վստահության հարցը:

Հենց այս հարցին է, որ իշխանությունները պետք է պատասխանեն: Եթե պնդում են, որ ճգնաժամը հաղթահարված է, ապա պետք է մեզ բացատրեն նաեւ` ինչպե՞ս, եթե նախկինում ՍԴ-ն հանրության շրջանում վստահության հետ կապած խնդիր ուներ, ապա այս փոփոխություններից հետո այլևս չունի՞, իշխանությունները պետք է հստակ ասեն, թե իրենց կողմից ՍԴ դատավոր ընտրված ամեն թեկնածուն առանձին ինչպե՞ս է բարձրացրել ՍԴ-ի հանդեպ վստահությունը հանրության շրջանում։

 

Արսեն Օհանյան