24.09.2020 13:53

Լուկաշենկոյի ծածուկ պաշտոնակալումը և դեղին հեղուկով ջրցանները

Լուկաշենկոյի ծածուկ պաշտոնակալումը և դեղին հեղուկով ջրցանները

Սեպտեմբերի 23-ին Մինսկում կայացել է Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես չէր հայտարարվել։ Արարողությանը ոչ մի դեսպան ներկա չի եղել, այդ թվում՝ նաև Ռուսաստանի դեսպանը։ Ներկա են եղել միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի մի քանի հարյուր կողմնակիցներ, որին ԿԸՀ-ն նախագահական ընտրություններում հաղթող է հռչակել։

Լուկաշենկոն արարողության ընթացքում հատուկ շնորհակալություն է հայտնել միլիցիային․ «Ձեզ, ուսադիրներով տղերք, որպես մեր բանակի մարմնավորում, որպես բոլոր այն տղերքի ներկայացուցիչներ, որոնք մեկ ամիս առաջ Մինսկի մաքուր, գողտրիկ փողոցներում կասեցրին էդ աղբը․․․ Ես խոնարհվում եմ ձեր առջև և անկեղծ շնորհակալություն եմ հայտնում։ Պետությունը դա երբեք չպետք է մոռանա»։

Երդմնակալությունից անմիջապես հետո Մինսկի կենտրոնում ռազմական բեռնատարներ, ավտոզակեր, ջրցան մեքենաներ են կուտակվել, և արգելափակոցներ են դրվել ցուցարարների հավաքվելու ավանդական տեղերում։

Ձերբակալություններն սկսվել են դեռ ցերեկը, երբ մարդիկ նոր-նոր են սկսել հավաքվել։ Միլիցիան մարդկանց սկսել է ջրել դեղնանարնջագույն ներկ խառնած ջրով, առանձին դեպքերում գազ է բաց թողել։ Ականատեսների խոսքով՝ նաև պայթյուններ են լսվել, հնարավոր է՝ լուսաձայնային նռնակներ են գործի դրվել։

Կեսգիշերն անց Մինսկի քաղգործկոմի ՆԳԳՎ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ բողոքի ակցայում ձերբակալվել է մի քանի տասնյակ հոգի։ Մինչդեռ «Весна» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ երկրի տարբեր քաղաքներում ձերբակալվել է մոտավորապես 200 մարդ։

Փոխանցում է BBC-ն։