24.09.2020 16:17

Զախարովա․ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում «Նովիչոկ» չի մշակվել

Զախարովա․ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում «Նովիչոկ» չի մշակվել

ՌԴ  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում երբեք «Նովիչոկ» չի մշակվել և չի արտադրվել։

Զախարովան չի մեկնաբանել, թե նման տեսակետն ինչպես է «համաձայնեցվում» արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինի՝ վերջերս արած այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը ռազմական թունավոր նյութերի, ներառյալ՝ «Նովիչոկի» բոլոր պաշարները վաղուց ոչնչացրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության պահանջով։

Զախարովան ընդամենն ասել է, թե ԱԳՆ-ն առաջին անգամը չէ, որ ասում է՝ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում երբեք «Նովիչոկ» չի եղել։

Մինչդեռ քիմիական զենքի մասնագետ, «Նովիչոկ» ռազմական թույնի փորձարկումների մասնակից Վիլ Միրզայանովը պնդում է, որ՝ «ինչպես փոստատար Պեչկինն էր ասում՝ էստեղ կարևորը փաստաթուղթ ունենալն է, և այդ  փաստաթուղթը կա, և ես այն մի քանի անգամ տեղադրել եմ Facebook-ում»։ Փաստաթուղթը վերնագրված է «Տեխնիկակական առաջադրանք՝ А 232 նյութի հիմքով բինարի փորձաքննության վերաբերյալ», և «փակագծերում գրված է՝ «Նովիչոկ 5»։ Փաստաթուղթը ստորագրել են զինվորական ներկայացուցիչներ,  ինստիտուտը, որտեղ ես աշխատում էի, «Բազալտի» տնօրենը և այլք»:

1992 թ․ Միրզայանովը «Московские новости» թերթում հրապարակել էր «Թունավորված քաղաքականություն» հոդվածը, որում քննադատել էր ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրը և երկրի բարձրագույն իշխանությանը մեղադրել Քիմիական զենքի արգելման կոնվենցիան խախտելու մեջ։ Միրզայանովին մեղադրեցին պետական գաղտնիք բացահայտելու համար և ձերբակալեցին, և շուտով ազատ արձակվելուց հետո նա 1995 թ․ արտագաղթեց ԱՄՆ։

2009 թ․ Թաթարստանը Ռուսաստանից անջատելուն նվիրված համաժողովում Վիլ Միրզայանովն ընտրվել է «վտարանդի կառավարության վարչապետ»։

 

Փոխանցում է tvrain-ը։