25.09.2020 08:45

«Բավարիան»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Բավարիան»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցեցին Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» (Իսպանիա)։

Եվրոպայի սուպերգավաթակիր դարձավ «Բավարիան»՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2։1 հաշվով։

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

34-րդ րոպեին մյունխենյան թիմի գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը։ 51-րդ րոպեին Լեւանդովսկին գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

104-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը, որը դրանից 5 րոպե առաջ էր փոխարինել ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսին։

«Բավարիան» չորրորդ անգամ հանդես եկավ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում եւ երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը։ Գերմանական թիմն առաջին անգամ նման հաջողության հասել էր 2013-ին։ Այն ժամանակ էլ լրացուցիչ ժամանակում աչքի էր ընկել Խավի Մարտինեսը «Չելսիի» հետ խաղում՝ հաշիվը դարձնելով 2։2։ «Բավարիան» հաղթել էր 11 մետրանոցներով։

«Սեւիլիան» 5-րդ անգամ խաղաց Եվրոպայի Սուպերգավաթի խաղում եւ պարտություն կրեց չորրորդ անգամ։ Իսպանական թիմը տիտղոսը նվաճել է 2006-ին։

Եվրոպայի Սուպերգավաթ

«Բավարիա» - «Սեւիլիա»՝ 2։1 (1։1)(տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 34, Խավի Մարտինես, 104 - Լուկաս Օկամպոս, 13, 11մ