25.09.2020 15:07

Լիզա Ճաղարյան. Էս ո՞նց պատահեց

Լիզա Ճաղարյան. Էս ո՞նց պատահեց

Սահմանադրական դատարանի ճգնաժամի «շատ օրիգինալ» լուծումից հետո` մինչ հանրությունը ջանք է թափում, որ քիչ թե շատ խելքին մոտիկ պատճառներ պեղի, թե ինչու հեղափոխական իշխանությունն այսպիսի, մեղմ ասած` տարօրինակ ճանապարհ ընտրեց, ու մեկ էլ, ինչպես գրեթե միշտ` օգնության հասավ ՔՊ–ականների անփոխարինելի դարձած «լուսավորիչը»։

Լրագրողների հարցերին ի պատասխան` երեկ Ալեն Սիմոնյանը «գաղտնազերծեց» իրենց վերջին շրջանի քայլերի «տրամաբանությունը»։ Նախ`դարակազմիկ բացահայտում արեց, ըստ որի` ինչպիսի ընտրություն էլ կատարեին` դժգոհողներ լինելու էին։

Ճիշտ է ասում, ախր ո՛նց մինչեւ հիմա գլխի չէինք ընկել, որ ընդհանրապես ու մասնավորապես` ալամ աշխարհում եւ նույնիսկ Հայաստանում, բոլո՛ր ժամանակներում ցանկացա՛ծ ընտրություն անպայման ինչ–որ մարդկանց չի գոհացնում, ինչ–որ մարդկանց էլ գոհացնում է։ Մի դեպքում` դժգոհողներն են շատ լինում, մի այլ դեպքում` երջանկությունից ծփացողները։

Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Ըստ այս ՔՊ–ականի` ՍԴ դատավորների ընտրությունից ՀԱԿ–ամերձ հանրությունն է դժգոհ, մեկ էլ` իրավապաշտպանները, եւ եթե այս թեւի ցանկությունը կատարեին ու վերոնշյալներին հաճո դատավորներ ընտրեին, ա՛յ այդ դեպքում էլ դժգոհելու էր մի ա՛յլ թեւ։

Իհարկե, ՀԱԿ–ամերձներս շոյված ենք, որ մեզ եւ իրավապաշտպաններին պարոն ՔՊ–ականը դրեց նույն նժարին, դրանից ավելի հաճելի գնահատական չի կարող լինել ցանկացած քաղաքական ուժի համար։ Չխորանանք նաեւ, թե ՍԴ նոր դատավորների ընտրությունը ո՛ր քաղաքական ուժերին կարող է հաճո լինել, հատկապես «հարուստ անցյալ» ունեցող Խունդկարյանի պարագայում։

Սա է՛լ առայժմ լուսանցքին պահ տանք, թե ինչ մռայլ հետեւություններ կարելի է անել, եթե սկսենք վերլուծել, թե ինչու է հեղափոխական իշխանությունը որոշել հենց ա՛յն ուժերին գոհացնել, որոնց պատմության աղբանոցն ուղարկելու համա՛ր էր, որ հանրությունը ոտքի կանգնեց եւ միացավ մի քանի տասնյակ կողմնակիցներով քայլող Փաշինյանին։

Ավելի հրատապ հարցեր կան, որոնք այդպես էլ չբարձրաձայնեց ոչ մի լրագրող։ Արդարություն հաստատելու վճռականությամբ հանրության քվեին արժանացած ՔՊ–ականներն ու իրավապաշտպանները երբվանի՞ց հայտնվեցին բարիկադների հակառակ կողմերում, եւ նոր իշխանության այս քամահրական վերաբերմունքն իրավապաշտպանների նկատմամբ` ինչո՞վ է տարբերվում հեղափոխությամբ պատմության գիրկն անցած նախկինների պահվածքից։ Իսկ ի՞նչն է գոհացնում հենց իրեն` հեղափոխական ճանապարհով իշխանության հասած ուժին, ճանապարհի ո՞ր հատվածում հեղափոխականները մոռացան իրենց հռչակած սկզբունքներն ու նպատակները։ Ո՞նց պատահեց, որ իշխանությունները ոչ թե սկսեցին առաջնորդվել հանրությանը տված իրենց լուսապայծառ խոստումներով, այլ սկսեցին խլշկոտած աջուձախ նայել ու հաշվարկել, թե ո՛ր ուժին գոհացնելու դեպքում իրենք ավելի հանգիստ կապրեն։ Ո՞ր գրողի ծոցը կորան հռչակած չափանիշները, ինչո՞ւ կորան, եւ որո՞նք են այսօրվա կատարած «համերաշխ» քայլերի չափանիշները։ 

Սրանք հանրության շրջանում հնչող բազմաթիվ հարցերից մի քանիսն էին ընդամենը։ Եվ դատելով ՔՊ–ի «լուսավորչի» ինքնագոհ կեցվածքից, հարցերը շարունակելու են բազմապատկվել ու բազմապատկվել։