25.09.2020 07:38

Թրամփն էլի չի պատասխանել՝ պարտության դեպքում կհանձնի՞ իշխանությունը

Թրամփն էլի չի պատասխանել՝ պարտության դեպքում կհանձնի՞ իշխանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի պատասխանել այն հարցին, թե պատրա՞ստ է խաղաղ հանձնել իշխանությունը, եթե պարտություն կրի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Դրա փոխարեն նա կրկին կասկած է հայտնել, թե ընտրություններն արդար կլինեն, քանի որ կարծում է, որ քվեաթեթիկները փոստով ուղարկելը « մեծ խարդախություն է»։

Չորեքշաբթի Թրամփը հրաժարվել էր խոստանալ, որ պարտության դեպքում խաղաղ կերպով իշխանությունը կփոխանցի հաղթողին, ինչով դեմոկրատների շրջանում զայրույթի ալիք էր բարձրացրել։ Սպիտակ տունը շտապել էր հայտարարել, թե  Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների արդյունքները։ Հանրապետական կուսակցության երևելի գործիչներից շատերը նույնպես հայտարարել էին, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա, ընդ որում՝ խուսափել էին հատուկ նշել նախագահի անունը։

Հինգշաբթի օրը Թրամփը Հյուսիսային Կառոլինայում հանդիպել էր լրագրողների հետ, և նրան կրկին հարցրել էին՝ արդյո՞ք նա նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները կընդունի միայն իր հաղթանակի դեպքում։ «Մեզ հարկավոր է, որ ընտրությունները լինեն ազնիվ, իսկ ես վստահ չեմ, որ այդպես են լինելու»,- պատասխանել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։