25.09.2020 08:48

Կիմ Չեն Ինը ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան համար

Կիմ Չեն Ինը ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան համար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներողություն է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան կապակցությամբ, հաղորդել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը։

Գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Կիմ Չեն Ինն իր հարավկորեացի պաշտոնակից Մուն Չժե Ինին ասել է, թե նման բան չպետք է լիներ։

Նախօրեին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարել էր, թե ԿԺԴՀ զինվորականները սպանել են հարավկորեացի 43-ամյա մի պաշտոնյայի։ Ըստ Սեուլի՝ ձկնորսության վարչության աշխատակիցը պարեկային նավակից անհետացել էր, ապա ավելի ուշ նրա դին գտել էին հյուսիսկորեական ջրերում։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության վարկածի համաձայն՝ հյուսիսկորեացիները գնդակահարել էին նրան, ապա նրա մարմնի վրա վառելանյութ էին լցրել ու այրել։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ԿԺԴՀ-ն խստացրել է սահմանների պահպանությունը և, ըստ որոշ հաղորդումների՝ գնդակահարության քաղաքականություն է կիրառում, որպեսզի թույլ չտա Covid-19-ի ներթափանցումը երկիր։

Փոխանցում է BBC-ն։