26.09.2020 03:00

Ղազախական ակումբի ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը

Ղազախական ակումբի ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի  հիշատակը

«Ատիրաուի» ֆուտբոլիստները «Ակադեմիա Օնտուստիկի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի Առաջին դիվիզիոնի չորրորդ տուրի խաղից առաջ հարգել են նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Լևոն Ղասաբօղլյանի լուսանկարով շապիկներով: Հանդիպումը սկսվել է լռության րոպեով:

Այդ խաղում «Ատիրաուն» կամային հաղթանակ է տարել 4:1 հաշվով: «Ատիրաուի» կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Լևոն Ղասաբօղլյանը գլխավորում էր «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում:

Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում: