27.09.2020 19:19

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել լայնածավալ մարտական բախումների վերսկսման առնչությամբ։ Նշվել է, որ այժմ հարկ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ դիմակայության հետագա էսկալացիան կանխելու, և  ամենակարևորը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: