27.09.2020 20:32

Լայնածավալ ագրեսիային միջազգային արձագանքը

Լայնածավալ ագրեսիային միջազգային արձագանքը

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների միջազգային արձագանքը` մեկ տեղում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։

«Ըստ առկա տեղեկատվության՝ կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Շփման գծում երկու կողմից ինտենսիվ հրետակոծում է իրականացվում։ Տվյալներ են ստացվում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի միջնորդական ջանքեր ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այդ մասին ասվել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ժամանակ։

Նախարարները քննարկել են իրավիճակը շփման գծում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածաված ռազմական գործողությունների կապակցությամբ, սպանվածների և վիրավորների մասին ստացվող լուրերով։ Մատնանշվել է կրակը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կայանալու է նաև Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը։ Այդ մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Ֆրանսիան լրջորեն մտահոգված է լայնածավալ բախումներով Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև տեղեկություններով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել բախումներն ու վերսկսել երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում իրադարձություններին՝ նշելով, որ խաղաղությունը տարածաշրջանում ընդհանուր նպատակ է, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», - գրել է Զուրաբիշվիլին:

Տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել դադարեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում։

«Ես խորապես մտահոգված եմ ռազմական սրման մասին հաղորդագրություններով։ Կոչ եմ անում ՀՀ-ին և Ադրբեջանին պատասխանատվություն դրսևորել և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով բախումները»,- հայտարարել է նա։

Նա ասել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում էին Եվրոպայի խորհրդին, նրանք պատրաստակամություն էին հայտնում լուծելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և պետք է հավատարիմ մնան այս դիրքորոշմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս բարդ շրջանում ես մտածում եմ երեխաների, կանանց և տարեցների մասին, որոնք կրկին չափազանց խոցելի վիճակում են հայտնվել»,-ասել է նա։

Եվրոպայի խորհրդի անունից նա կոչ է արել երկու պետության իշխանություններին անել հնարավորը՝ պաշտպանելու համար մարդկանց կյանքերն ու չմտնելու ռազմական հակամարտության մեջ։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական կիրակնօրյա աղոթքում Կովկասում խաղաղության կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալման ֆոնին։

«Կովկասից մտահոգիչ լուրեր են գալիս։ Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար ու կոչ անում կողմերին՝ եղբայրության ուղղությամբ քայլեր անելու ու լուծելու հարցերն առանց ուժի կիրառման», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ուղերձ է հղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացավ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են բնակիչների շրջանում զոհերի: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման համար: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- նշել է Ջեյմս Ապատուրայը:

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Եվրոպական Միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: 

Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ:

«2020 թ. սեպտեմբերի 27-ին շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին մարտական գործողություններ, որոնք, ցավոք, հանգեցրին ռազմական և քաղաքացիական բնակչության զոհերի: Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում:

Բորելը նշել է, որ անհրաժեշտ է շտապ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների։

 

**

Իսկ դե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին՝ Հայաստանին մեղադրելով հարձակման մեջ, գրում է Haqqin.az-ը։

«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կասեցնի այս վտանգավոր սադրանքը։ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը միայնակ չէ և վայելում է Թուրքիայի լիակատար աջակցությունը»,-ասվում է գրառման մեջ։