27.09.2020 15:20

Զատուլին. Ռուսաստանում ծայրահեղ վրդովված են, որ նորից կրակոցներ են հնչել

Զատուլին. Ռուսաստանում ծայրահեղ վրդովված են, որ նորից կրակոցներ են հնչել

«Ռուսաստանում ծայրահեղ վրդովված են, որ նորից կրակոցներ են հնչել, առավելեւս` որ կան զոհեր»,– Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ անթույլատրելի է համարել ռազմական գործողությունները:

«Իսկ եթե դրանք եղել են, ինչպես օրինակ 2016 թվականին, անմիջապես հանդես է եկել դրանց դադարեցման պահանջով: Այո, Լեռնային Ղարաբաղը` Արցախի Հանրապետությունը, չճանաչված պետություն է, բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղի մարդկանց կյանքերը ավելի քիչ արժեք ունեն, քան աշխարհի ցանկացած այլ կետում ապրող այլ մարդկանց կյանքերը:

Ղարաբաղյան հակամարտության մեծամասշտաբ վերսկսումը սպառնում է ամբողջ կովկասյան տարածաշրջանի ապակայունացմամբ: Իսկ Ռուսաստանն իրեն համարում է կովկասյան երկիր եւ չի կարող անտարբեր լինել: Բոլորը գիտեն` Ռուսաստանն իր վրա չի վերցրել Ղարաբաղի հետ կապված պարտավորություն, բայց Ռուսաստանն ունի պարտավորություններ Հայաստանի առջեւ, որպես պետություն, որը մեզ հետ ընդհանուր ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, եւ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի վրա հարձակումը համարվում է հարձակում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների վրա»,- ասել է Զատուլինը: