28.09.2020 03:50

Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով. Արցախի նախագահ

Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է կոչ-հայտարարություն, որտեղ ասվում է.

Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:

Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար:

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար:

Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար:

Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի մահով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով:

Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:

Հաղթանակը մերն է լինելու: