28.09.2020 07:56

Ադրբեջանում ռազմական դրություն և պարետային ժամ է մտցվել

Ադրբեջանում ռազմական դրություն և պարետային ժամ է մտցվել

Ադրբեջանի ողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը։

«Նկատի ունենալով Հայաստանի ԶՈւ-ի սադրանքը շփման գծում և հայկական ագրեսիան դիմագրավելու նպատակով հակահարձակողական գործողությունների անցկացումը՝ 2020 թ․ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ողջ տարածքում ռազմական դրություն է մտցվում»,- հայտարարել է Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Վերջինի խոսքով՝ սեպտեմբերի 28-ից Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, Եվլախում, Մինգեչաուրում, Նավթալանում, ինչպես նաև Ափշերոնի, Ջաբրաիլի, Ֆիզուլիի, Աղջաբեդի, Բեյլագանի, Աղդամի, Տերտերի, Բարդինսկի, Գերանբոյսկի, Գեյգելսկի, Դաշքեսանի, Գեդաբեգի, Թովուզի, Շամխորի, Ղազախի և Աղստաֆայի շրջաններում ռազմական դրության շրջանակներում սահմանվում է պարետային ժամ՝ 21։00-ից մինչև 6։00։

«Պարետային ժամվա ընթացքում քաղաքացիներին արգելվում է փողոց դուրս գալ և այլ հանրային վայրերում լինել առանց հատուկ թույլտվության ու անձը հաստատող փաստաթղթերի։ Հրամանագրի համաձայն՝ սահմանափակումներ կկիրառվեն նաև տրանսպորտային միջոցների ելումուտի նկատմամբ»,- հայտարարել է Հաջիևը։ Նա շեշտել է, որ պարետային ժամ է սահմանվել հիմնական քաղաքներում, նաև այն բնակավայրերում, որոնք գտնվում են շփման գծին կամ Հայաստանի սահմանին մոտ։

Փոխանցում է Interfax-ը։