28.09.2020 12:14

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել վերադառնալ խաղաղ բանակցությունների

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել վերադառնալ խաղաղ բանակցությունների

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ անհանգստություն և  մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Խախտվել է կրակի դադարեցման ռեժիմը, կիրառվում է ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ում նշել են, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ․ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանագրի և հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների կատարմանը։ «Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- Զասի խոսքն է մեջբերում մամուլի քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։