29.09.2020 10:40

Reuters. Սիրիացի վարձկանները հաստատել են Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվելու լուրը

Reuters. Սիրիացի վարձկանները հաստատել են Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվելու լուրը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման ֆոնին Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։ Այդ մասին Reuters-ին պատմել են սիրիացի երկու գրոհայիններ՝ անանունության պայմանով։

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել էր, որ Անկարան վերջերս Սիրիայից Ադրբեջան է ուղարկել մոտավորապես 4 հազար գրոհայինների։

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադիստական խմբավորման երկու գրոհայիններ հաստատել են, որ Անկարայի համաձայնությամբ մեկնում են Ադրբեջան։

«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Այստեղ կյանքը շատ ծանր է, աղքատ ենք»,- պատմել է նրանցից մեկը, որը Սիրիայում կռվել է «Ախրամ աշ-Շամ» խմբավորման կազմում։

Reuters-ի երկու զրուցակիցներն էլ հայտարարել են, որ սիրիական բրիգադների հրամանատարները խոստացել են ամսական վճարել 1500 դոլար՝ հսկայական գումար պատերազմից ավերված Սիրիայում։

Երկրորդ գրոհայինը «Ջեյշ ան-Նուխրա» խմբավորումից պատմել է, որ Ադրբեջան են մեկնելու մոտավորապես 1000 սիրիացիներ։

Reuters-ը վարձկանների հետ զրուցել է անցյալ շաբաթ։ Նրանք ասել են, որ մեկնելու են սեպտեմբերի 25-ին՝ օբյեկտներ պաշտպանելու, այլ ոչ թե ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Գործակալությունը սեպտեմբերի 28-ին չի կարողացել կապ հաստատել նրանց հետ, որպեսզի պարզի, թե որտեղ են հիմա գտնվում։

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հերքում է այդ «անհեթեթ» լուրը։ «Մեր զինված ուժերը ավելի քան բավարար անձնակազմ և պահեստային ուժեր ունեն»,- հայտարարել է նա։

Փոխանցում է nv.ua-ն։