30.09.2020 05:47

Մակրոնը Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները վտանգավոր և չմտածված է համարում

Մակրոնը Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները վտանգավոր և չմտածված է համարում

Թուրքիայի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին ցանկացած միջոցներով օգնելու վերաբերյալ, վտանգավոր են, քանի որ Բաքվին մղում են գործելու, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Ես ուշադրություն դարձրի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին։ Դրանք չմտածված ու վտանգավոր են»,- ասել է Մակրոնը Լատվիայում, մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես անհանգստացած եմ վերջին ժամերին Թուրքիայի մարտատենչ հայտարարությունների կապակցությամբ։ Ըստ էության՝ նման հայտարարությունները Ադրբեջանին դրդում են գործողությունների»,- հավելել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև ասել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Այսօր երեկոյան ես հեռախոսազրույց կունենամ Պուտինի հետ, իսկ վաղը նույն հարցով՝ Թրամփի հետ,- հայտարարել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ այդ զրույցները թույլ կտան «կարծիքներ փոխանակել և խնդրի լուծման առաջարկներ անել»։

Մակրոնը նաև հավելել է, որ շուտով Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կքննարկի եվրոպական գործընկերների հետ նույնպես։

Փոխանցում է Interfax-ը։